Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը քվեարկեց 10/54 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ոստիկանությունը, որ այս ընտրությունները տարբերվեն նախորդներից, նա ասաց. «Օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից, կարծում եմ, որ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները։ Նաև համեմատական կարգով նախորդ ընտրությունների հետ, ասեմ, որ նախադեպ չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, ինքներդ էլ կարող եք փաստել։ Տեղի չեն ունեցել որևէ արտառոց դեպքեր, իրականացվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները»։
Անդրադառնալով News.am լրատվական գործակալություն այցելությանը՝ Վալերիյ Օսիպյանն ասաց, թե չի հասկանում՝ ինչու է գործակալությունն այդքան աղմուկ բարձրացրել. «Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, գրության շրջանակում պետք է տեղեկացվեր իրենց ու ոստիկանության ծառայողն այցելել էր ընդամենը օրինակը փոխանցելու համար»։
Անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի ձերբակալությանն, Օսիպյանն ասաց, որ նա դեռ Հայաստան չի տեղափոխվել. «Դեռ ոչ, համապատասխան փաստաթղթերի շրջանակը կհավաքեն և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը զբաղվում է։ Կարևորը, որ ինքը ձերբակալված է, ձերբակալված է Պրահայում՝ Չեխիայի մայրաքաղաքում, այնուհետև կարտահանձնեն Հայաստանի Հանրապետությանը»: