Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ ժողովրդի կողմից կառավարությանը տրված լայն մանդատի գերակա ուղղություններն էին արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդումը, սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների երաշխավորումը: Որպես կարևոր հնագրվան՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն առանձնացրեց ժողովրդի կամքն արտահայտող և միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Հյուրերի խնդրանքով՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության անդամները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համատեքստում կարևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն