ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով:
ՀՀ Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝
– դեկտեմբերի 9-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին
– դեկտեմբերի 9-ին և դրան հաջորդող օրերին արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը
– նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին
– բարդ կամ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել աշխատանքային խմբի անդամ՝ Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի հետ:
Աշխատանքային խմբի ղեկավարին մասնավորապես հանձնարարվել է՝
– գործնական աջակցություն ցուցաբերել Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և ստորաբաժանումներին՝ ընտրության ընթացքում, ինչպես նաև ընտրություններին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման ուղղությամբ
– 2018 թվականի դեկտեմբերի 5-ից՝ յուրաքանչյուր օր Քննչական կոմիտեի նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ նախընտրական քարոզչության, քվեարկության ընթացքում, ինչպես նաև ընտրությանը հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին:
Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ կազմակերպել քվեարկության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման արդյունքների վերաբերյալ ՔԿ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումներում կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։
Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին:
ՀՀ քննչական կոմիտե