«Ակնհայտ է, որ Հայաստանում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը բաժանված է ըստ քաղաքական եւ տնտեսական ճամբարների, եւ ավելի շատ սպասարկում է այդ ճամբարների շահերը: Սա է՛լ ավելի ցայտուն դարձավ թավշյա հեղափոխությունից հետո, երբ սրվեց քաղաքական պայքարը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ ոստիկանների՝ news.am-ի խմբագրություն այցելությանը: Նա նկատեց. «Բայց նույնիսկ այդ պարագայում ոչ ոք իրավունք չի տվել իրավապահ մարմիններին, մասնավորապես ոստիկանությանը, ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք խախտում են օրենքը եւ կարող են որակվել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ»:
Երեկ news.am-ը հայտարարություն էր տարածել, ըստ որի, իրենք հրապարակել են ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղիղ միացումները, ոստիկանը պահանջել է տրամադրել վերոնշյալ հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ՝ հրապարակումները հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր.« Ոստիկանության աշխատակիցը հայտնել է նաեւ, որ սա իր վերջին այցը չէ, եւ այսուհետ պարբերաբար տարբեր հրապարակումների հետ կապված այցելելու են խմբագրություն` պահանջելով նմանատիպ ապացույցներ։ Ոստիկանության աշխատակցի այցի վերաբերյալ գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառումից հետո խմբագրություն է այցելել ոստիկանության Շենգավիթի բաժնի երկու աշխատակից` փորձելով վստահեցնել, որ իրենք տեղյակ չեն` ով եւ ինչ նպատակով է այցելել գրասենյակ եւ պատճառաբանելով, թե հնարավոր է` այցելողը ոստիկանության աշխատակից չի եղել… Ընտրություններից երկու օր առաջ լրատվական գործակալության խմբագրություն կատարած նման այցը, պարբերաբար վերադառնալու «սպառնալիքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ առնվազն փորձ` ազդելու տարածաշրջանի եւ Հայաստանի թիվ մեկ լրատվական գործակալության վրա` նպատակ ունենալով խոչընդոտել ընտրությունների լիարժեք եւ համակողմանի լուսաբանումը»։
Ոստիկանությունը եւս հայտարարություն է տարածել խմբագրություն այցելության մասին, նշելով, որ ոստիկանը օրենքով սահմանված կարգով ներկայացել է:
Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ «News.am-ի պարագայում ակնհայտ է, որ պահանջելով հրապարակման հիմքերը, այն էլ ֆեյսբուքյան լայվ մտած մարդու վերաբերյալ, ըստ էության, ոստիկանությունը փորձել է տեղեկության աղբյուր բացահայտել: Եվ հիմքերը պնդելը, մեծ հաշվով, տեղեկատվության աղբյուրի պահանջ է, ինչը իրավապահ մարմինները իրավունք չունեն անել»: Մելիքյանը հիշեցրեց՝ ըստ «ՀՀ զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի, աղբյուրները բացահայտելու պահանջ կարող է ներկայացնել միայն դատարանը, այն էլ՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու դեպքում:
«Այս դեպքում ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել եւ պահանջել հիմքեր մի բանի, որը համացանցում առկա էր, եւ ակնհայտ էր, որ դրանից ավելի ոչ մի բան լրատվամիջոցը չէր կարող ներկայացնել: Բացի այս, որեւէ ճշտում անելու համար կան նաեւ այլ ձեւեր եւ միջոցներ, չնայած, կրկնում եմ՝ դա ոստիկանության գործառույթը չէ: Բայց տեղեկատվություն հայցելու համար նրանք կարող էին գրավոր դիմել եւ ստանալ գրավոր պատասխան կամ մերժում»,-ասաց ԽԱՊԿ նախագահը:
«Իսկ տվյալ պարագայում ոստիկանության ներկայացուցչի այցելությունը եւ ներկայացված պահանջը, միանշանակ, կարող է դիտվել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ»-ասաց Մելիքյանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նույն օրը Շենգավիթի բաժնի երկու աշխատակից են այցելել խմբագրություն ու ասել՝ իրենք տեղյակ չեն` ով եւ ինչ նպատակով է այցելել գրասենյակ եւ պատճառաբանելով, թե հնարավոր է` այցելողը ոստիկանության աշխատակից չի եղել, Մելիքյանը նշեց.«Եթե դա այդպես է, եւ իսկապես ոստիկանությունը այդ միջադեպի հետ որեւէ կապ չունի, ապա նոր հարց է բացվում, եւ ոստիկանությունը պարտավոր է այս հրապարակման հիման վրա գործ հարուցել, տեսնել, թե՝ ո՞վ է այցելել խմբագրութուն, հայտանբերել եւ պատասխանատվության ենթարկել ՝լրատվամիջոցի նկատմամբ ճնշում գործադրելու համար»:
Աշոտ Մելիքյանը նաեւ մի դիտարկում արեց. «Ծանոթանալով հայտարարության տեքստին՝ ես կուզենայի մի խորհուրդ տալ news.am-ին: Նույնիսկ սեփական գովազդն անելիս՝ պետք է չափի մեջ մնալ եւ գնահատականներում ավելի զուսպ լինել: Լրատվամիջոցի՝ սեփական կայքը որպես Հայաստանի եւ տարածաշրջանի թիվ 1 լրատվական գործակալություն ներկայացնելը, կարծում եմ, առնվազն անհամեստություն է: Իսկ եթե ավելի լայն նայենք, ապա անհարգալից վերաբերմունք է մրցակից գործընկերների նկատմամբ, որոնք ոչ պակաս լսարան, ընթերցողներ ու ոչ պակաս հարգանք ունեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ