ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի
տվյալներով ուսումնասիրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային
Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ
ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների
ստացած 76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և
նախաքննության մարմինների կողմից:
Դեպքերից 48-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից են, որոնք
առանձնացվել և հաշվառվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային
խմբի շրջանակներում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում: 27-ը
եղել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ դատախազություն
ներկայացված դիմումներ և հաղորդումներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության
աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրեր, ևս 1 հաղորդում ստացվել է
ԿԸՀ-ից:
Նշվածներից վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 57
դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ,
որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ
իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք:
Իսկ 19 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի
բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:
Դրանցից՝
• 4-ը վերաբերում է թեկնածուի լիազորությունների իրականացմանը
խոչընդոտելուն,
• 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն,
• 2-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,
• 5-ը՝ ընտրակաշառք տալուն,
• 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
• 1-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,
• 2-ը՝ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ տալուն,
ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը,
• 3-ը՝ այլ դեպքերի:
Մեկ դեպքի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով
երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական
օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա
առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման
ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ
հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և
հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող
նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական
հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր
դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու, ինչպես
նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական
հանցագործությունների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ
արձագանքելու նպատակով դեկտեմբերի 9-ին՝ քվեարկության օրը, ՀՀ գլխավոր
դատախազությունում գործելու է թեժ գիծ՝ 511603 հեռախոսահամարով:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին