Դեկտեմբերի 9-ին Աժ արտահերթ ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
Հանդիպումից հետո դիտորդական առաքելության ներկայացուցիչները, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեցին՝ առայժմ որեւէ իրավախախտում չեն նկատել:
Դիտորդական առաքելության խմբի կոորդինատոր Միրլան Բակիրովն ասաց, որ հանդիպել են «Իմ քայլը» դաշինքի ներկացուցիչների հետ, եւ այլ թեկնածուների հետ եւս նախատռեսվում է հանդիպում:
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք նախընտրական շրջանը, պարոն Բակիրովը պատասխանեց. «Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ էր: Փորձագետների եւ քաղաքական ուժերի կարծիքով ժամանակը քիչ էր, որպեսզի ընտրողները ծանոթանային ծրագրերի ու թեկնածուների հետ: Բայց, իմ կարծիքով, Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ընտրողները ծանոթ են ներկայիս թեկնածուների եւ քաղաքական ուժերի հետ»:
Բակիրովի խոսքերով՝ առաքելության նպատակն է՝ հսկել ընտրություններին թափանցիկության եւ օրենսդրության եւ միջազգային չափանիշների պահպանումը:
Դիտորդական առաքելության խմբի մեկ այլ ներկայացուցիչ՝ Յուրի Օսիպովն էլ ասաց. «Առայժմ գնահատական չենք կարող տալ՝ ընտրություններին նախապատրաստումը բավարա՞ր էր, փորձագետների խոսքերով՝ նախընտրական շրջանի ժամանակը կարճ էր: Բայց Երեւանի քաղաքապետի ընտրություններ են եղել, եւ սա անխոս, ավելի լավ էր, ընտրողները ծանոթացել են քաղաքական ուժերի հետ»:
Յուրի Օսիպովը նաեւ նկատեց՝ կա ընտրողների մի խումբ, որը ապահովված չէ քվեատուփերով, այսինքն՝ հնարավորություն չունի մասնակցելու. «Ես խորհուրդ կտայի, որպեսզի, ասենք՝ հիվանդ կամ տանից դուրս գալու հնարավորություն չունեցող անձանց ապահովեն քվեատուփերով»:
Օսիպովի խոսքերով՝ «Վաղը հայ ժողովուրդը կանի իր ընտրությունը»:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչը նաեւ նշեց՝ «Ես նկատեցի ընտրություններին մասնակցող երիտասարդները շատ են: Եթե համեմատենք ԱՊՀ այլ երկրների հետ, այս առումով Հայաստանը տարբերվում է, եւ դա շատ լավ է: Չենք կարող այս ընտրությունները համեմատել 10 տարի առաջվա ընտրությունների հետ»:
Օսպիովի խոսքերով՝ այն, ինչ իրենք նկատել են՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է մասնակցել ընտրություններին, սա ակնհայտ է նաեւ նաեւ ակտիվությունից. «Այսքան շատ քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին, խոսում է ընտրություններին ժողովրդավարական մոտեցման մասին»:
Դիտորդական առաքելության 24 անդամներ՝ ԱՊՀ երկրների խորհրդարանների պատգամավորներ, Երեւանում եւ մարզերում հետեւելու են ընտրությունների ընթացքին, ամսի 10-ին նրանք կհրապարակեն դիտորդների եզրակացությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ