Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժումը փոփոխության կարևորագույն գործոնն է, այն երբեք չի դադարելու». Պետո Պողոսյան

Դեկտեմբեր 08,2018 17:30

«Շարժումը մի զգայուն կետը մյուսին կապելու գործընթացն է: Այդ զգայուն լարման կետերը քաղաքային տեղանքն են, անկյունը, որտեղ կա հիշողություն, կռիվ, զգացում, և այլ նման անկյուններին կապվելու կարիք ունեն։ Շարժումը դիմադրության արդյունք է: Շարժումը փոփոխության կարևորագույն գործոնն է, այն երբեք չի դադարելու»,-ահա թե ինչպես է մեկնաբանում ցուցահանդեսի անվանումը նկարիչ Պետո Պողոսյանը:

ՀԲԸՄ պատկերասրահը դեկտեմբերի 5-13-ը ներկայացնում է Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը, որտեղ արտացոլված են տարբեր տարիների քաղաքացիական նախաձեռնությունները, բողոքի ցույցերը, շարժումները, լարված իրավիճակները պատկերող 22 աշխատանքներ` ընդհուպ մինչև 2018թ. մայիսի Թավշյա հեղափոխությունը:

Ցուցահանդեսը բացվում է «Հիշողությունը չես կարող տեղափոխել» և «Էլեկտրիկ Երևան» անվանմամբ երկու հսկայական վերատպություններով: «Հիշողությունը ուղղակի անհնար է տեղափոխել կամ ջնջել»,- ահա թե ինչպես է նկարիչը մեկնաբանում նկարի անվանումը:

Նկարչի նախընտրելի արտահայտչամիջոցը ջրաներկն է, որի շերտ առ շերտ թափանցիկ վրձնահարվածների միջոցով նա պատկերում է այն հետքերի ողջ խորությունը, որ թողել են վերջին քաղաքացիական նախաձեռնությունները:

Պետոն ցանկանում է ցույց տալ մարդկությունը «շարժման» մեջ, կլինի դա քաղաքական, ֆիզիկական կամ պատկերավոր: Նա պատկերում է փողոց դուրս եկած զանգվածներին՝ երթի ժամանակ, նստած վիճակում, անձրևի կամ արևի տակ, որոնք ձգտում են տարիներ շարունակ կուտակված ուժի միջոցով հասնել փոփոխությունների:

Նա մեջբերում է, որ ցանկացած նկար իր և այլոց կյանքից վերցրած մի պատմություն է, և մի փոքրիկ դրվագ, որի վերլուծությունը նա ներկայացրել է իր արվեստի միջոցով: Անհնար է նայել նկարներին առանց վերապրելու որևէ դրվագ ձեր իսկ կյանքից:

Պետո Պողոսյանն իր ջրաներկ աշխատանքներով ներկայացել է տարբեր հեղինակավոր միջազգային ցուցադրությունների և բիենալեների, այդ թվում Շանհայի միջազգային բիենալե (2011թ.), Շենզենի միջազգային բիենալեն (2013թ.), ԱՄՆ ազգային ջրաներկի ասոցիացիայի միջազգային ցուցադրություն (2015թ.), «Ջրաներկի վարպետներ» հրավիրյալ միջազգային ցուցահանդես (Սանկտ-Պետերբուրգ, 2017թ.) և այլն:

Ցուցահանդեսի վաճառքից որոշակի գումար կհատկացվի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ petopoghosyanfineart.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31