ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի մինչև ընթացիկ տարվա ավարտը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյսմոնտը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթաժողովից հետո լրագրողներին ասել էր, որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմների շուրջ, և այդ պաշտոնում կարող է նշանակվել «Բելառուսի ներկայացուցիչ»: Դրան հակադարձել էր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ԵԱՏՄ առաջնորդների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ թեմայի քննարկումը նախաձեռնվել է Լուկաշենկոյի կողմից, սակայն այդ պահին բանակցությունների սեղանին բոլորը չէ, որ ներկա են եղել:
«Ինչ է միանշանակ որոշվել պետությունների ղեկավարների կողմից և աջակցություն է ստացել բոլորի, այդ թվում Ռուսաստանի նախագահի կողմից. այն, որ այդ հարցը պետք է լուծվի մինչև նոր տարի (2019թ.)»,- ասել է Էյսմոնտը:
Մամուլի քարտուղարը նաև ասել է, որ ԵԱՏՄ անցած գագաթնաժողովի շրջանակում այդ թեմայի քննարկումը եղել է «ոչ թե թեժ, այլ շատ թեժ»: Նրա խոսքով՝ կրքերն այնքան են թեժացել, որ վերջում «ստիպված էին բոլորը բոլորից ներողություն խնդրել»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ