«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ են, որոնք պետք է նախանշեն հայ ժողովրդի ապագան առաջիկա 5 տարիների համար: Ակնհայտ է նաև, որ այս ընտրությունները պետք է արձանագրեն համաժողովրդական շարժման վերջնական հաղթանակը և հիմք հանդիսանան յուրաքանչյուր քաղաքացու ազատ, արդարև հավասար ապրելու իրավունքի իրացմանը:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ իր նախընտրական ծրագրի դրույթներից, կարևորում է բոլորի և յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրություններին, քանի որ յուրաքանչյուր ոք իրավունք և բարոյական պատասխանատվություն ունի այդ օրը գնալ ընտրությունների և իր սեփական ներդրումն ունենալ իր և իր ընտանիքի ապագայի կերտման գործում:
Սակայն, Հայաստանում բազմաթիվ մարդիկ դեռևս շարունակում են մնալ խտրականության զոհ, չեն կարողանում իրացնել Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ ընտրելու իրավունքը:
Մենք ահազանգ ենք հնչեցնում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ դեկտեմբերի 9-ին պարզապես հնարավորություն չեն ունենալու մասնակից դառնալու իրենց իսկ ճակատագրի որոշման գործում` այցելելու ընտրատեղամասեր կամ անկախ և ինքնուրույն իրացնելու իրենց ընտրելու իրավունքը:
Պատճառը հայտնի է բոլորին: Հայաստանում գոյություն ունեցող 2000-ից ավել ընտրական տեղամասերի գերակշիռ մեծամասնությունը մատչելի չէ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար, ինչը թույլ չի տալիս տասնյակ հազարավոր մարդկանց պարզապես այցելել ընտրատեղամասեր, ապահովված չէ տեսողության խնդիրներ ունեցող անձանց ազատ և ինքնուրույն ընտրելու իրավունքը, ստեղծված չեն պայմաններ այլ խնդիրներով հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց ընտրելու իրավունքը լիարժեք իրացնելու համար:
Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել են այս հիմնախնդիրը: Յուրաքանչյուր համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ ընտրությունների ոչ պատշաճ կազմակերպման արդյունքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկվում են իրենց իրավունքի իրացման հնարավորությունից:
Հիմնախնդիրը մնում է չլուծված նաև այժմ: Ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ոչ միայն Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների նախագիծը չընդունած խորհրդարանական ուժերի, այլ նաև ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա: