Յոհանես Հանը՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման մասին
«Միշտ էլ լավ է, երբ ժամանակ չես կորցնում, բայց մյուս կողմից՝ ամեն բան պետք է լինի իրավական շրջանակում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Վիեննայում անցկացվեց ԵՄ Արևելյան գործընկերության տարեկան համաժողովը: Այն անցկացվեց «Ավելի ուժեղ տնտեսություն ավելի ուժեղ հասարակությունների համար. ներդրումներ մարդկանց կայուն աճի համար» խորագրով: Համաժողովին մասնակցեցին Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիական հասարակության, գործարար ոլորտի, կառավարությունների, հաղորդակցության ոլորտի 800-ից ավելի ներկայացուցիչներ:
«Առավոտը» ԵՄ հանձնակատարից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, քանի որ կան մտահոգություններ, որ այդ ընտրությունները բավականին հապճեպ են կազմակերպվում: Յոհանես Հանը պատասխանեց. «Դա տվյալ երկրի որոշումն է. յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ երբ կազմակերպել ընտրությունները: Թեև այդ ամենը թողնված է երկրի հայեցողությանը, բայց դա պետք է լինի իրավական շրջանակում»:
Յոհանես Հանը շեշտեց՝ կարևոր է այն, որ ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ և լավ կազմակերպված: Այս առիթով նա մանրամասնեց. «Հույս ունեմ, որ ՀՀ-ում ընտրությունները կանցնեն ազատ, արդար և թափանցիկ, և յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա առանց խոչընդոտների իր ձայնը տալու իր ցանկացած թեկնածուին»:
ԵՄ հանձնակատարը նաև հուսով է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կձևավորվի նոր կառավարություն, որն իր գործունեությունը կծավալի ՀՀ քաղաքացիների շահերից ելնելով:
Մեր հարցին՝ արդյոք հնարավո՞ր էր քաղաքական ուժերի համար այս կարճ ժամանակահատվածում պատրաստվել ընտրություններին և անցկացնել ազատ, արդար և լավ կազմակերպված ընտրություններ, ԵՄ հանձնակատարն այսպես արձագանքեց. «Տարիներ շարունակ մենք ունեցել ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման տարբեր օրինակներ: Անգամ եղել են դեպքեր, երբ նույնիսկ շաբաթներ առաջ են պլանավորվել ընտրություններ կամ ամիսներ առաջ: Ընտրությունների անցկացման օրվա վերաբերյալ որոշումը պետք է իրավականորեն հիմնավորված լինի: Դա է մեր պահանջը, մնացածը մեզ համար նորմալ է: Ըստ էության դա տեղական մակարդակում քննարկվող հարց է, և դա մեր պատասխանատվության հարցը չէ: Մեր պահանջն այն է, կրկնում եմ, որ իրավական կողմը պահպանվի»:
Մեր մյուս հարցին՝ առաջընթաց կա՞ ԵՄ-ՀՀ ճանապարհային քարտեզի իրականացման հարցում, քանի որ կան պնդումներ, որ այս հարցով ոչինչ չի արվում, Յոհանես Հանը պատասխանեց. «Շուտով տեղի կունենան ընտրությունները, և կձևավորվի նոր կառավարությունը: Այդ նոր կառավարությունը պետք է հրատապ կերպով սկսի մեզ հետ աշխատել: Եթե այդ աշխատանքը տեղի ունենա, մենք կսկսենք ակտիվորեն աշխատել ճանապարհային քարտեզի շուրջ: Ունենք համագործակցության 2020-ի ծրագիր և հույս ունենք, որ ՀՀ նոր կառավարությունը կկենտրոնանա այդ ծրագրի իրականացման վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.12.2018