Շատերը, ինչ խոսք, նկատեցին կամ արձանագրեցին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների այս՝ արդեն ավարտված քարոզարշավն առանձնացավ ընդգծված հակաքարոզչական կոչերով, հայտարարություններով, շեշտադրումներով: Դա ընդհանուր հասարակական-քաղաքական կյանքի, ներքաղաքական հարաբերությունների մասին լավ բան չի վկայում:
Եթե չասենք, որ մտահոգության լրացուցիչ առիթներ է տալիս՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների ու զարգացումների, դրանց որակական հեռանկարի տեսանկյունից: Քաղաքական բեւեռացումը ավելի լավ բան չէ, քան սոցիալական բեւեռացումը:
Ըստ այդմ, չնայած ընտրությանը մասնակցող բոլոր ուժերն էլ, լինեն դաշինք, թե կուսակցություն, ունեն ծրագրեր, խոստումների ու անելիքների թվարկված, գրանցված, քարոզչապաստառված կետեր, թեզեր, մոտեցումներ:
Ունեն: Բայց ծրագրային, գաղափարական-քաղաքական մոտեցումների, առաջարկած լուծումների ու դրանց հիմնավորվածության, իրատեսական կամ հակառակը լինելու, մեր կյանքի ու տնտեսության, ազգային խնդիրների, ներքին ու արտաքին էական հարցերի լուծման տարբերակների շուրջ անցած 10-12 օրվա ընթացքում լուրջ եւ ընկալելի խոսակցություն, ընդհանուր առմամբ, տեղի չունեցավ: Էլ չենք ասում՝ լուրջ բանավեճ տեղի չունեցավ նման բովանդակային ընդգրկմամբ, որքան էլ որ առաջին անգամ ուղիղ եթերում հեռուստատեսային բազմա-բանավեճ արձանագրվեց:
Մեր ասածի շեշտը բովանդակային, համակողմանի քննարկման, գնահատականների ու առաջարկությունների ներկայացման, դրանք վերլուծելու, փաստարկ-հակափաստարկներով դիրքորոշումները համոզիչ ներկայացնելու մասին է:
Այո, ծրագրեր բոլորն էլ ունեն: Բայց ընդհանուր քարոզարշավում տոն տվեց ոչ թե այդ ծրագրերն ու դրանց առավելությունները ներկայացնելը, այլ, ինչպես ասացինք ու ինչպես բոլորս տեսանք, հակաքարոզչությունն էր հիմնական մարտավարությունը, ծավալային առումով մյուս բոլոր անդրադարձումները բազմապատիկ գերազանցող դրսեւորումը:
Հարկավ, նախընտրական քարոզարշավը իր խնդիրները, նպատակներն ու արտահայտչաձեւերն ունի, այսինքն՝ գիտակների ակադեմիական քննարկում կամ սիմպոզիում չէ: Բայց երբ տիրապետող է հակաքարոզչական մարտավարությունը, այլեւայլ դրսեւորումներով հանդերձ, երբ հանրային, պայմանականորեն ընդհանուր տարածք համարվող սոցցանցերում նպատակաուղղված հայհոյախոսություն, անեծք է լցվում կամ նման՝ ողջամիտ ու հավասարակշռված մարդկանց վանող դրսեւորումներն են տիրապետում, ապա դա չի կարող չանհանգստացնել:
Չի կարող չանհանգստացնել ընդհանուր ընթացքի ու արդյունքների առումով, անկախ մեզանից յուրաքանչյուրի քաղաքական համակրանքներից-հակակրանքներից, քաղաքականացված կամ ապաքաղաքական լինելուց:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում