«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլն ասաց, որ ամերիկյան քաղաքականությունն իսկապես անփոփոխ է: Սակայն, նրա պարզաբանմամբ, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և իշխանությունների՝ լայնածավալ ժողովրդավարական գործընթացների նախաձեռնման մասին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ նոր թափ և նոր որակ է հաղորդվելու երկրի ներքին կյանքին ու արտաքին հարաբերություններին: Այսինքն, ըստ նրա՝ Հայաստանի ներքին օրակարգից բխող փոփոխություններ երկկողմ հարաբերություններում գուցե լինեն, քանի որ հայ հասարակությունը ցույց տվեց, որ ցանկանում է ապրել որակապես նոր երկրում, որը կհամապատասխանի ժողովրդավարական երկրի չափանիշերին և չի ունենա արտաքին վտանգներ, այսինքն` կունենա անվտանգություն: Սակայն, նրա կարծիքով, այս երկու գաղափարները ոչ միշտ են համադրելի հետսովետական տարածքում, խոսքը ժողովրդավարության և անվտանգության մասին է, քանի որ կա ԼՂ հակամարտությունն ու Ռուսաստանի ներկայությունն այդ հակամարտությունում:
«Կարծում եմ` ժամանակի ընթացքում կբացահայտվի, թե որքանով նոր իրավիճակում կհաջողվի համադրել այս ամենը` չվախեցնելով նաև Մոսկվային, քանի որ եվրասիական տարածքում կա մեծ վախ ժողովրդավարական գործընթացներից, կա վախ այն փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել: Սակայն, ինչպես երևում է, ուկրաինական դասերն ապարդյուն չեն անցել, և Ռուսաստանը հաշվի է առնում, որ հնարավոր ճնշումները կարող են է՛լ ավելի բորբոքել հայ-ռուսական հարաբերությունները, ամրապնդել երկիրը ներսից` Հայաստանին հեռացնելով Ռուսաստանից, ինչը ծայրահեղ անցանկալի սցենար է Ռուսաստանի համար:
Սակայն նման իրավիճակում չեն բացառվում անկայունություններ ԼՂ հակամարտության գոտում, կամ կարգավորման գործընթացում փոքր հաղթանակների հարցում միջամտություններ, որի նպատակը կլինի Հայաստանի աչքում Ռուսաստանի արժեքի բարձրացումն ու անվտանգության ոլորտում կախվածության առկայության ամրագրումը: Այս դեպքում հարկավոր է ակտիվ աշխատանք նաև Արևմուտքի կողմից, որպեսզի անվտանգության հարցը վերջ չդնի ժողովրդավարական փոփոխությունների ցանկությանը: Ուստի պետք է լինեն ակտիվ բանակցություններ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Եվ այստեղ ամենաբարդ փուլն է հասունանալու, թե որ կողմն ինչ պատկերացում ունի կարգավորման տարրերի վերաբերյալ»,- ասաց Փոլ Գոբլը:
Իսկ ժողովրդավարական գործընթացների հարցում, նրա խոսքով, Հայաստանն ու ԱՄՆ-ը համագործակցության լայն դաշտ ունեն, եթե իշխանությունները շարժվեն այդ ուղղությամբ: «Դեսպանի խոսքերն այդ մասին են: Բայց պետք է հասկանալ, որ կա ԼՂ հակամարտության չկարգավորվածության հանգամանքը, որը լուրջ խոչընդոտ է, և ԱՄՆ-ը դա հասկանում է, ինչպես երևաց Բոլթոնի տեսլականից»,- նկատեց նա: Թե ինչպես կհաջողվի ԱՄՆ-ին նպաստել կարգավորման գործընթացին՝ վերացնելով անվտանգության խնդիրը, և ինչպիսի որոշումներ կկարողանան կայացնել իշխանությունները, ըստ նրա՝ ցույց կտան առաջիկա ամիսներն ու տարիները:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում