Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնարին համատեղ հայտարարություն

Դեկտեմբեր 08,2018 10:00

Մեր թվային դարում ընտրություններից առաջ հայտարարվող «լռության օրը», իհարկե, հնացած երեւույթ է, եւ օրենքի այդ պահանջն իր բուն նպատակին չի ծառայում: Այսինքն՝ «համացանցում նստած» մարդիկ չեն պատրաստվում ինքնամփոփվել, կենտրոնանալ եւ մտքերը կարգի բերել՝ որոշելու համար, թե ում են պատրաստվում ընտրել: Տեղեկատվական աղմուկը ինչպես «բզզում է» բոլորիս ականջներում, այնպես էլ այսօր շարունակում է իր «բզզոցը», եւ անիմաստ է խոչընդոտել քարոզչությանն ու հակաքարոզչությանը: Բայց «Առավոտը», ինչպես ընդունված է վերջերս ասել, «դասական» լրատվամիջոց է եւ ենթարկվում է առայժմ գործող այդ արխայիկ օրենքին:

Եթե ինձ հարցնեին, թե ինչ էր պակասում այս ընտրարշավում, ես չէի տա ավանդական պատասխանը՝ «ծրագրեր», «գաղափարներ», «արդյունավետ բանավեճեր» կամ «կառուցողական քննադատություն»: Դրանք նման իրավիճակներում չկան եւ չեն լինելու ոչ մի երկրում: Չկա աշխարհում մի պետություն, որի քաղաքացիներն ընտրությունների ժամանակ ղեկավարվում են բանականությամբ ու փաստարկներով: Ընտրողների ճնշող մեծամասնությունն ամենուր եւ միշտ առաջնորդվում է հույզերով, անձնական համակրանքով, առասպելներով, խարիզմայով եւ այլն: Զանգվածային հոգեբանությունը չի փոխվել 4 հազարամյակների ընթացքում, եւ երբ շամանը զարկում է իր դափը, մարդիկ, վարակվելով համանման զգացմունքներով, սկսում են իրենց ավանդական պարը:

Ինձ պակասում էին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունները: Ընդունված է, որ ընտրարշավից առաջ նրանք միասնաբար պարտավորություն են ստանձնում, որ ընտրապայքարը լինելու է ազնիվ եւ կոռեկտ: Իհարկե, այդ խոստումը հաճախ է խախտվում, բայց դա, ի վերջո, մի ուղերձ է, որն ուղղված է ընտրողներին, եւ որի իմաստն այն է, որ մենք, սիրելի քաղաքացիներ, այո, վիճում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք:

Բայց ես շատ կուզեի, որ միջազգային պրակտիկայում ընդունված այդ համատեղ հայտարարությունից բացի, մեր քաղաքական ուժերն ավելի առաջ գնային եւ այսօր՝ «լռության օրվա» ընթացքում, նույնպես հանդես գային համատեղ հայտարարությամբ: Դրա մոտավոր բովանդակությունը կարող է հետեւյալը լինել. «Սիրելի հայրենակիցներ, ավարտվեց ընտրարշավը, որի ընթացքում հնչել են քննադատություններ եւ փոխադարձ մեղադրանքներ: Մենք ներողություն ենք խնդրում իրարից եւ ձեզանից, եթե ընտրարշավի ժամանակ հնչած մտքերը վիրավորել են որեւէ մեկի մարդկային արժանապատվությունը: Մենք ներում ենք իրար նման խոսքեր հնչեցնելու համար: Հայաստանը եղել է եւ լինելու է հրաշալի երկիր, անկախ նրանից՝ քանի ձայն ենք մենք հավաքելու եւ կհայտնվե՞նք արդյոք խորհրդարանում, թե՞ ոչ, անկախ քաղաքական ռեժիմներից եւ իշխանությունների որակից»:

Պարզ է, որ քաղաքական ուժերը եւ քաղաքականացված մարդիկ նման հայտարարության հետ համաձայն չեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31