«Առավոտին» են դիմել Երեւան քաղաքի Թերլեմեզյան փողոցի բնակիչները: Նրանք հայտնեցին, որ 10 տարուց ավելի փորձում են պայքարել իրենց սեփական տներին կից սկսած բազմաբնակարան էլիտար շենքի կառուցման դեմ: Մինչ շինարարությունը սկսելը Թերլեմեզյան փողոցը փակ է եղել ավտոմեքենաների երթեւեկության համար, սակայն շուրջ 10 տարի վերոնշյալ փողոցում՝ Թերլեմեզյան 2/1 հասցեում, «Պլագա» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման հետեւանքով փողոցի տարածքն օգտագործվում է դեպի շինհրապարակ բեռնատար ավտոմեքենաների ելումուտն ապահովելու համար օգտագործվող տարածք: Բնակիչներն իրենց փաստաբանի միջոցով հայտնել են, որ շինարարությունը սկսելուց առաջ, երբ կառուցապատող կազմակերպությունը սկսեց վերացնել այդ հատվածի կանաչ գոտին, որը նախատեսված էր որպես երեխաների խաղահրապարակ եւ բնակիչների զբոսայգի՝ կտրելով հաստաբուն ծառերը, բնակիչները փորձել են իրենց բողոքը արտահայտել ստեղծված իրավիճակի շուրջ: Դա ավարտվել է նրանով, որ բնակիչների դեմ ուղղվել են կարմիր բերետավորների խմբեր, որոնք բնակիչներին մարմնական վնասվածքներ պատճառելով սաստել են նրանց գործողությունները՝ հասկացնելով, որ բնակիչները ոչ մի արդյունքի էլ չեն հասնի, քանի որ կառուցապատողի թիկունքում կանգնած է այն ժամանակվա իշխանությունը:
Բնակիչները ստիպված են եղել հնազանդորեն եւ լուռ տանել շինարարական աշխատանքների արդյունքում կրած անհարմարությունները` իրենց տների առջեւ առկա շինարարական աղբն ու փոշին, շնչել են աղտոտված օդը, տասը տարուց ավելի լսում են շինարարական աշխատանքների ընթացքում առաջացած աղմուկը եւ այլն: Մեկ եւ երկու հարկանի տների դիմաց կառուցված բազմաբնակարան շենքը ամբողջությամբ փակել է սեփական տների բնական լուսավորությունը, քանի որ Թերլեմեզյան փողոցը ի սկզբանե նախագծված է եղել միայն ցածրահարկ տների կառուցման համար:
Մանրամասները կարդացեք «Առավոտի» շաբաթ
օրվա համարում
«Առավոտ» օրաթերթ,
07.12.2018