Տարիներ ձգվող ստուգումներից խուսափելու ձեւերից մեկը կոռուպցիոն ռիսկերին դիմելն է: Գործատուները, ձեռնարկատերերը, ընկերությունների տնօրենները չգիտեն՝ աշխատե՞ն, թե՞ բողոքաբերի կարգավիճակում հայտնվելով, կորցնեն ռեսուրսներ, ժամանակ: Վարչական դատարանները հեղեղված են հարկային մարմինների ստուգումների ակտերը վիճարկող հայցապահանջներով: Որպես կանոն, վիճարկվում են հանձնարարագրերի պատշաճ լինելը, վարչական հանձնաժողովների որոշումները: Մաշտոցի հարկայինի աշխատակիցները երկու տարի առաջ ստուգումներ են անցկացրել ուղեւորափոխադրումներ իրականացնող «Ֆորսաժ-Տուր» ՍՊ ընկերությունում: Կազմել են ակտ, ստուգման ակտի համաձայն, նրանք ՍՊ ընկերությանը առաջարկել են, որպեսզի վճարի 10.800.000 ՀՀ դրամ, նույն ակտի 2-րդ կետի համաձայն էլ` 560.600 ՀՀ դրամ։ Մինչ դատարան դիմելը, «Ֆորսաժ-Տուրը» գանգատ է ներկայացրել համապատասխան մարմին՝ համաձայն չլինելով հարկայինի ստուգման արդյունքների հետ:
«Ֆորսաժ-Տուր» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի ՀՏ 2016թ. նոյեմբերի 10-ի ստուգման ակտը, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 2016թ. դեկտեմբերի 20-ի եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի 2016թ. դեկտեմբերի 22-ի որոշումները։
Ի՞նչ է պարզվել: Ստուգման ակտի 1-ին կետով արձանագրվել է, որ «Ֆորսաժ-Տուր» ՍՊԸ-ում փաստացի գործունեություն իրականացնող թվով 18 վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը ձեւակերպված չի եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այն է՝ նշված աշխատողի հետ կնքված գրավոր աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման վերաբերյալ այլ անհատական իրավական ակտը բացակայել է։ Իսկ դա նշանակել է, որ «Ֆորսաժ-Տուր» ՍՊԸ-ի կողմից խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Եկամտային հարկի մասին» օրենքների մի քանի հոդվածներ: Մասնավորապես, «Եկամտային հարկի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետի «դ» ենթակետի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու եւ գրավոր պայմանագրի բացակայության սահմանված կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է եկամտային հարկ 600.000 դրամի չափով։
Հայցվորն առարկել էր ստուգման ակտը, հայտնելով, որ «ստուգում իրականացնելու հիմքում դրված 2016թ. հունիսի 13-ի հանձնարարագիրը նախատեսում է բացառապես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման հնարավորություն եւ ստուգվող կազմակերպության կողմից որեւէ փաստաթուղթ` ստուգման նշված շրջանակի ընդլայնման վերաբերյալ երբեւէ չի ստացվել»։
Ինչպես գիտեք, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր: Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ… հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ գործակիցների… հարկային մարմինների կողմից առանց պայմանագրի կնքման աշխատող պահելու կամ աշխատանքային պայմանագրում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելու դեպքերի բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների։ Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին։ Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին»։ Նույն օրենքի համաձայն, ստուգման ընթացքում նոր հանգամանքներ եւ անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակներն ու շրջանակները կարող է փոփոխել համապատասխան պետական մարմինը` ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ։ Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը։
Վարչական դատարանի իրավական գնահատմամբ. «Գործով ներկայացված ապացույցների հետազոտման արդյունքում դատարանը եկավ այն համոզման, որ հայցվոր կազմակերպությունը (ընկերության տնօրենը) հանձնարարագրին ծանոթացել է մեկ ամիս հետո՝ 2016 թ. հուլիսի 13-ին, փաստը հաստատվել է ընկերության տնօրեն Կ. Թադեւոսյանի կողմից դրված ստորագրությամբ»: Նշվել էր, որ հանձնարարագրում փոփոխություններ կատարելու մասին հրամաններին, ստուգման ընթացքը վերսկսելու մասին որոշումներին տնօրենը նույնպես ծանոթացել է, հետեւաբար, ըստ դատարանի, ստուգումն իրականացնող մարմինը պատշաճ իրականացրել է իր վրա դրված իմպերատիվ պարտավորությունը` ստուգվող տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու արդեն իսկ վկայակոչված փաստաթղթերի վերաբերյալ, ավելին, ստուգումը ըստ էության իրականացվել է օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ եւ առկա չէ դրանց խախտում արձանագրելու որեւէ հիմնավոր փաստարկ։
Անդրադարձ կատարելով օրենքով սահմանված կարգով գրավոր չձեւակերպված աշխատողի աշխատանքի ընդունման փաստի հաստատմանը` դատարանը արձանագրել էր, որ դեռեւս 21.10.2016 թվականին «Ֆորսաժ-Տուր» ՍՊ ընկերության եւ վերջինիս տնօրենի կողմից լիազորված անձ Ս. Կնյազյանի կողմից գրավոր հայտնվել է, որ ընկերությունն իր տնտեսական գործունեությունն իրականացրել է երկու ավտոմեքենաներով։ Լիազորված անձը հայտնել էր նաեւ մի շարք աշխատողների աշխատանքի ընդունման մասին, որոնցից միայն 5 աշխատողների վերաբերյալ է ներկայացվել գրավոր աշխատանքային պայմանագիր։ Բացատրություն տվող անձի նշմամբ, որեւէ այլ գրավոր պայմանագիր կամ հրաման ընկերությունում առկա չէ։
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի կողմից տրված գրությամբ դատարանին հայտնվել էր, թե պետական համարանիշներով, երկու մեքենաներով ովքեր են հատել ՀՀ սահմանը։
«Դատարանը փաստում է, որ նշված տեղեկատվությամբ հաստատվում է թվով 18 անձանց սահմանահատումը տվյալ մեքենաներով` վարորդի կարգավիճակով, որոնց աշխատանքի ընդունման վերաբերյալ թե պայմանագիր, թե անհատական հրաման առհասարակ առկա չէ։ Ընդ որում, դատարանի համոզմամբ, առկա չէ որեւէ հիմք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի գրությամբ տրամադրված տեղեկատվությունը կասկածի տակ դնելու համար, քանի որ նշված տվյալների ֆիքսումը` անձին համապատասխան կարգավիճակ տալով, ըստ էության հանդիսանում է որոշակի վարչարարություն, որը եւ կարող է տարբեր (այդ թվում նաեւ անբարենպաստ) իրավական հետեւանքներ առաջացնել անձանց համար»:
Դատական գործընթացի ժամանակ, որը դեռ շարունակվում է, պարզվեց, որ գործում առկա են ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացրել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր:
Ըստ դատարանի. «Հաշվի առնելով, որ սույն պարագայում չձեւակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը (18)` դատարանը հիմնավոր է գտնում ստուգումն իրականացնող մարմնի կողմից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» ենթակետի կիրառումը` հավաստելով, որ 18 աշխատողի պարագայում եկամտային հարկը կկազմի 10.800.000 ՀՀ դրամ, ինչը եւ իրականացվել է ստուգող մարմնի կողմից»։
Վերաքննիչ վարչական դատարանում, ասել է թե՝ դատական երկրորդ ատյանում էլ պարզվեց, որ հանձնարարվել էր իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում 10 աշխատանքային օրում:
Հետագայում հանձնարարագրով ստուգման ընթացքը կասեցվել է 30 աշխատանքային օրով, ապա կասեցման ժամկետը երկարաձգվել է 30 աշխատանքային օրով, վերսկսվել, նորից երկարացվել:
Ապա սկսվել է առանց գրավոր պայմանագրի կամ հրամանի կնքման աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ճշտության ստուգում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Օրերս վերաքննիչ վարչական դատարանը մասնակի անվավեր ճանաչեց ԿԱ ՊԵԿ Մաշտոցի վիճարկվող ստուգման ակտը, բեկանեց վարչական դատարանի որոշումը: Որպես հետեւանք՝ անվավեր ճանաչեց ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային եւ մաքսային մարմինների Գանգատարկման հանձնաժողովի որոշումը եւ իրավաբանական վարչության պետի որոշումը՝ ստուգման ակտի հիման վրա առաջադրված պարտավորությունների մասով: Բողոքաբեր կողմը նշել էր, որ, ինչպես ընկերության տնօրենը, այնպես էլ հաշվապահը, ընկերության աշխատակիցները պնդել են, որ վիճարկվող հանձնարարագրից զատ, այլ հանձնարարագիր կամ այլ ակտ, որով որպես ստուգման հարցեր կնախատեսվեին այն հարցերը, որոնք ընդգրկված են ստուգման ակտում, իրենց չի ներկայացվել: Միջնորդություն էր ներկայացվել դատարանին, որպես վկա հարցաքննել ընկերության հաշվապահին, տնօրենին, ցանկացած այլ անձի, որպեսզի պարզվի, թե ստացե՞լ են, արդյոք, նրանք հանձնարարագրի հարցերի փոփոխության հետ կապված որեւէ իրավական ակտ, սակայն այն մերժվել էր:
«Առավոտ» օրաթերթ,
07.12.2018