Մոտ մեկ շաբաթ առաջ ավարտվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հանրային քննարկումը: Նախագծի վերաբերյալ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 90 տոկոսը փոփոխություններին դեմ է արտահայտվել, եւ միայն 11 քաղաքացի է կողմ եղել ֆիննախի առաջարկություններին: Նախագիծը հանրային քննարկման էր դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը ֆինանսների նախարարության պատասխանատուները պատճառաբանել են գործարար միջավայրի բարելավմամբ, մասնավորապես` միկրոձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ, տնտեսության մրցունակության ու ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով ավելի պարզ հարկային համակարգ ներդնելով:
Այսպես. նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես` առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի եւ ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 միլիոն դրամը:
Մեկ այլ փոփոխությամբ էլ ֆիննախն առաջարկում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի` 2019 թվականի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:
Փոփոխություններից մեկն էլ առնչվում է շահութահարկի դրույքաչափին:
Նախատեսվում է 2020 թվականի եւ դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը` այն սահմանելով 18%:
Ֆիննախը մտադիր է շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 միլիոն դրամ: 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած էլ բարձրացնել ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Առաջարկվում է բարձրացնել նաեւ օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ:
Նախատեսվող փոփոխություններով 2019 թվականի հուլիսի 1-ից կբարձրանա նաեւ գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից կվերանայվի 301 եւ ավելի ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ:
2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է վերանայել շահումով խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորի կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է շահումով խաղերը տեղափոխել շահութահարկով հարկման համակարգ:
Նախագիծը քննարկվել է նոյեմբերի 15-ից 30-ը: Այդ ընթացքում քաղաքացիները հարցեր են ուղղել նախագծի հեղինակներին:
Սամսոն անունով քաղաքացին նախագծի հեղինակներից հետաքրքրվել է. «Նախկինների օրոք ասում էին՝ նպատակային տնտեսությունը սպանում են, որ դեֆոլտի տանեն, դրսից փողեր բռնեն, հեղափոխությունից հետո, կարծում էի, արմատական փոխվելու էր տնտեսական քաղաքականությունը։ Օրինակ էինք վերցնելու շատ արագ զարգացած ու զարգացող երկրներից։ Լուրջ, չեմ հասկանում նման աննորմալ հարկային քաղաքականության իմաստը։ Եթե նախկինում պետական փողերի մեծ մասն անիմաստ մսխվում էր, ու հիմա դա այլեւս չի լինելու, ապա ո՞ւր են գնում այդ գումարները, ինչո՞ւ դրանց հաշվին չենք կարողանում հիմա տնտեսվարողի բեռը թեթեւացնել եւ աճելու հնարավորություն տալ»։
Ի պատասխան՝ նախագծի հեղինակները նշել են, որ իրականացվող հարկային քաղաքականությանը տրված գնահատականը հիմնավորված չէ եւ հավանաբար ձեւավորված է նախագծով ներկայացված առաջարկությունների ոչ խորքային ուսումնասիրության արդյունքում: Ապա կրկին մեկ առ մեկ ներկայացրել են փոփոխությունների հիմնական նպատակը` վստահեցնելով, որ նախագծի նպատակը տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի թեթեւացումն է:
Կարապետ Նազարյանը դժգոհություն է հայտնել բնապահպանական հարկի դրույքաչափի բարձրացման վերաբերյալ՝ նշելով. «Ձեր կարծիքով՝ բարձրացնելով հարկային բեռը շարքային քաղաքացիների վրա՝ դառնալու ենք ավելի գրավի՞չ, խնդրում եմ բացատրեք տրամաբանությունը: Թե՞ Դուք կարծում եք, որ եթե մարդ շահագործում է շատ Ձ/ՈՒ ունեցող մեքենա, ապա դա շքեղություն է եւ կարելի է էլ ավելին իրանից գումար «պոկել», բացատրեք տրամաբանությունը: Իսկ Ձեր տրամաբանության մեջ չի տեղավորվում այն փաստը, որ կարող է այդ տիպի մեքենա վարի միջին եկամուտով քաղաքացի, ով առանց այդ էլ «ճկռում է» անցյալ կառավարության, իշխանության ժամանակ ընդունված ՀՀ հարկային օրենքների տակ: Ծանո՞թ եք արդյոք՝ այժմ ինչքան է վճարում քաղաքացին տարեկան իր մեքենայի համար, որի Ձ/ՈՒ-ն ավելի է 301-ից: Անտրամաբանական է, երբ 300 Ձ/ՈՒ ունեցող մեքենայի տարեկան հարկը ավելի շատ է, քան, ասենք, 2,3 սենյականոց բնակարանինը»: Ֆիննախը Կարապետ Նազարյանին պատասխանել է, որ նախագծի հիմնական նպատակը ձեռնարկատիրական գործունեության միջավայրի գրավչության բարձրացումն է, մինչդեռ բնապահպանական հարկն առավելապես սպառման հարկ է, հետեւաբար վերջինիս բարձրացումը չի կարող ուղղակի բացասական ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական միջավայրի վրա. «Երկրորդ՝ միայն այն հանգամանքը, որ ավտոմեքենան ունի մեծ հզորությամբ շարժիչ, դեռեւս չի նշանակում, որ տվյալ ավտոմեքենան համարվում է շքեղության առարկա (քանի որ այն կարող է լինել հին, հետեւաբար նաեւ ոչ թանկարժեք ավտոմեքենա), հակառակ պարագայում կառաջարկվեր դրա նկատմամբ կիրառել աշխարհում լայն տարածում գտած շքեղության հարկը կամ գոնե ակցիզային հարկը: Նախագծով ներկայացված առաջարկության տրամաբանությունը այն է, որ մեծ հզորությամբ շարժիչ ունեցող ավտոմեքենաները, այլ հավասար պայմաններում, այո, ավելի շատ են աղտոտում շրջակա միջավայրը, հետեւաբար արդարացի ու տրամաբանական է, որպեսզի դրանց մասով սահմանվի տարբերակված՝ ավելի բարձր բնապահպանական հարկ: Միեւնույն ժամանակ, համակարծիք ենք այն դիտարկման հետ, ըստ որի՝ շրջակա միջավայրին պատճառվող վնասի աստիճանը միշտ չէ, որ ուղիղ կախվածության մեջ է գտնվում շարժիչի հզորությունից: Այդուհանդերձ, վերջինս այն գործոնն է, որը, այլ հավասար պայմաններում, ամենից մեծ ազդեցությունն ունի շրջակա միջավայրին պատճառվող վնասի աստիճանի վրա (խնդրում ենք հաշվի առնել նաեւ այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 168-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ բնապահպանական հարկի մեծությունն արդեն իսկ կախվածության մեջ է դրված մեկ այլ կարեւոր գործոնից՝ մեքենայի թողարկման տարեթվից): Բացի այդ, մեքենայի շարժիչի հզորության հիման վրա բնապահպանական հարկ հաշվարկելու մոտեցումն արդեն իսկ ամրագրված է ՀՀ հարկային օրենսգրքով»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
07.12.2018