«Նախագահ Քոչարյանն այս ընթացքում շատ ավելի շատ է շփվել լրատվամիջոցների, քաղաքական դաշտի ներկայացուցիչների, հասարակական գործիչների հետ, քան անցած շատ տարիների ընթացքում: Եվ մենք հայտարարել էինք նաև այն մասին` նախ ուզում ենք դեկտեմբերի ընթացքում նրա գրքի շնորհանդեսն անել, ինչը մեզ չթույլատրվեց: Նաև ես հաստատել էի, որ գալիք տարվա փետրվարին պատրաստվում էինք քաղաքական միավորի սկիզբը դնել, ինչն առայժմ չենք կարող պլանավորել հասկանալի պատճառներով»,- այսօր ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական կյանք վերադառնալու հարցին՝ պատասխանեց նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Նա հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ինքը շարունակելու է պայքարը բանտից եւ հավելեց՝ ոչինչ չի փոխվել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից փաստաբան Հայկ Ալումյանն էլ շարունակեց, թե Քոչարյանն ազատ արձակվելուց հետո պետք է որոշ չափով իր կարծիքը հանրությանը ներկայացներ, որովհետև այն հանրությանը հետաքրքրում էր. «Մենք պարոն Քոչարյանի հետ այդ հարցը քննարկեցինք և եկանք շատ կարևոր մի որոշման, որ ինքը իր ասուլիսների, մամուլի հետ շփումների ժամանակ չի խոսելու և չի ներկայացնելու մանրամասներ իր քրեական գործի հետ կապված: Ինչու՞, որովհետև դա կարող էր հետագայում մեկնաբանվել, որ փորձ է արվում քրեական գործի վրա ինչ-որ ազդեցություն ունենալ: Այդպես էլ պարոն Քոչարյանը վարվեց:
Այդքանով հանդերձ Վերաքննիչ քրեական դատարանում, երբ մենք դրեցինք խնդիրը, թե ինչն է պատճառը, որ մեղադրական կողմը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ մնալը կարող է խոչընդոտել գործի քննությանը, պատասխանը հետևյալն էր՝ պարոն Քոչարյանը քննությանը խոչընդոտում է նրանով, որ բազմաթիվ հարցազրույցներ է տվել մինչև այսօր: Այստեղ մենք շատ լավ հասկացանք մի պարզ բան, որ այդ հարցազրույցներն անհանգստացնում են մեղադրական կողմին, թեև դրանք չեն վերաբերում քրեական գործին: Հենց այն փաստը, որ պարոն Քոչարյանը քննադատում էր այսօրվա որոշ գործընթացներ, բավականին մտահոգություններ էին առաջացրել և շարժառիթներից մեկն էր, որ ցանկանում էին նրան կալանավորել, և փաստորեն այսօր հասան դրան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ