Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

«Ես էն կինն եմ, որ մարտի վերջին եմ ըսել՝ էն ում թագավորն է, կուգա». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին գովելով՝ նամակախեղդ արեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 07,2018 20:22

Այսօր Գյումրու քաղաքապետարանում կառավարության արտագնա նիստ անցկացնելու հետո շենքից ոտք դնելուն պես՝ նամակները ձեռքերին, բողոք ունեցող գյումրեցիները շրջապատեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Վերջինս շատ էր շտապում, քանի որ ուղիղ 11.40 հարգանքի տուրք պիտի մատուցեր երկրաշարժի զոհերի հիշատակին:

Այդուհանդերձ, նա մի պահ կանգնեց, վերցրեց նամակները, նոր հեռացավ: Նամակ հանձնող կանանցից մեկից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պահանջ ունի վարչապետից:

Կինն ասաց. «Անօթևան եմ, 30 տարի շարունակ հարցս չի կարգավորվում, ուզում ենք, որ մեր տները կառուցվի, տղաս առաջին խմբի հաշմանդամ է, բանակում ծառայության ժամանակ է ցավը ձեռք բերել, ազատամարտիկի այրի եմ ես, իմ ամուսինը Ղարաբաղում է կռվել: Ո՞րն ասեմ, ցավդ տանեմ, մենք էլ իրան սիրող, հարգող ողջունողներն էինք: Երբ մարտի վերջ Գյումրի եկավ, ես եմ եղել այն կնիկը, ասողը՝ էն ում թագավորն է , կուգա ու էդպես էլ ինքը եղավ թագավոր: Ու պիտի լինի թագավոր մեր օգնության, մեր ջանքերի շնորհիվ»:

Նամակ հանձնող մի տարեց կինն էլ ասաց, որ իր տղան բանակ գնալով՝ հաշմանդամ է դարձել: «Մինչև հիմի տունը նստած է, չորս պատ չեն տա, որ էրեխես ապրի, թափառական ուլիցներն ենք»,- դժգոհեց կինը:

Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելուց հետո էլ բնակիչները փորձեցին շրջափակել Նիկոլ Փաշինյանին: Նրան մոտեցավ մի փոքրիկ տղա՝ արտասվախառն ձայնով  բացականչելով՝ «Պարոն Փաշինյան, պարոն Փաշինյան»: Վարչապետը նրան վերցրեց իր հետ՝ իր մեքենայի մեջ լսելով նրա խնդիրը:

Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին մեծն Շանսիոնեի հիշատակին, նոր միայն մեքենայից իջեցրեցին տղային: Տղան լրագրողներին ասաց, որ 14 տարեկան է, Հրանտ Չալոյանն է, բնակվում է Ախուրյանում, վարչապետի մոտ եկել էր մենակ, առանց ծնողների, նրա փոխանցել է իր խնդրանքը: Իսկ թե ինչ էր խնդրում, տղան ասաց. «Կներեք, անձնական է, չեմ ասի»:

Վարչապետի մեքենան շրջափակեցին նաև Գյումրու Բուլվարային թաղամասում՝ արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպած ցուցադրական վարժանքը դիտելուց հետո: Մեկը բողոքեց, թե Գյումրու սանմաքրումում է աշխատում ու 55 հազար դրամ աշխատավարձ է ստանում, շատ ցածր է, ընտանիքը պահելու խնդիր ունի: Լիքը մարդիկ էին  հավաքվել Բուլվարային թաղամասում՝ վարչապետին իրենց խնդիրները փոխանցելու, սակայն Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ ջան, ես ժամանակի խնդիր ունեմ» ու հեռացավ:

Նիկոլ Փաշինյանն այսօր շրջեց նաև Գյումրու պատմական փողոցներում, որտեղ շինաշխատանքներ են ընթանում: Նա Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հստակեցրեց, թե ե՞րբ է ավարտվելու շինարարությունը: Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե կուզենա՞ր տուն ունենալ Գյումրու պատմական միջուկում, նա ժպտաց ու անպատասխան թողեց հարցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31