Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Ինձ միակ աջակցողը Սերժ Սարգսյանն էր». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2018 20:03

Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը աշխատել է 3 վարչապետերի հետ: Քարոզարշավի ընթացքում Aravot.am-ի զրույցում նա խոստովանեց, թե՝ որ վարչապետի հետ է դժվարություններ ունեցել:

Մենք պատգամավորի թեկնածուից հետաքրքրվեցինք՝ երբ ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա էր կազմել իսկ Մինասյանը տնտեսության բլոկի նախարարն էր եւ, (այն ժամանակ նախարարությունը կոչվում էր էկոնոմիկայի նախարարություն) մի շարք նախագծեր էր ներկայացրել, որոնք կյանքի չեն կոչվել, հիմա այս ուժին ընտրողը ինչո՞ւ պիտի ձայն տա: Մենք հիշեցրեցինք Մինասյանի առաջ քաշած մի երկու նախագիծ՝ ապրիլյան պատերազմին մասնակից զինծառայողների ընտանիքներին բիզնես-աջակցություն, ներմուծվող, հիմնականում թուրքական ապրանքները տեղական արտադրությամբ փոխարինումը, սակայն այս ծրագրերն այդպես էլ կյանքի չկոչվեցին:

Մեր հարցին ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց. «Ցավոք ժամանակահատվածը եւ պաշտոնավարման կարճ ժամկետը թույլ չտվեցին, որպեսզի այդ ծրագրերը մինչեւ վերջ հասցնեմ: Ավելին ասեմ՝ եթե 2016 թվականին 6 ամսվա իմ պաշտոնավարման ընթացքում մի քանի նման նախաձեռնություններ արեցինք, այն ժամանակվա կառավարությունը, որը ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանը, չափազանց բարդ էր նաեւ այդ նախագծերն առաջ տանել: Որովհետեւ խոսքը գնում էր նաեւ հակամենաշնորհային կոնկրետ գործողությունների մասին, ինչը որոշակի սահմանափակումների ներքո էր: Եվ միակ անձն, որն այդ ժամանակ աջակցություն էր ինձ ցույց տալիս, հանրապետության այն ժամանակ նախագահն էր, Սերժ Սարգսյանը: Մնացած բոլորը, նկատի ունեմ ինձանից ավելի բարձր դիրքում գտնվողները՝ վարչապետ, փոխվարչապետ, չէին օժանդակում, իսկ առանձին դեպքերում նույնիսկ խանգարիչ հանգամանքներ էին դնում»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում աշխատանքին, ապա Արծվիկ Մինասյանը խոստովանեց՝ «լեզու չեն գտել»: Մինչդեռ, պարոն Մինասյանը, թե որպես էկոնոմիկայի եւ թե որպես բնապահպանության նախարար աշխատած օրերին, մշտապես հերքում էր լուրերը, թե՝ իր եւ Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարված են:

«Արդեն Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ, ինչպես գիտեք, մենք այդպես էլ չկարողացանք իրար հետ լեզու գտնել: Ես համարում եմ, որ աշխարհայացքային հսկայական տարբերություն կար իմ եւ իր միջեւ: Ու պարզ է՝ եթե նշանակված է որպես վարչապետ ու տնտեսության պատասխանատուն ինքն է, այդ դեպքում էկոնոմիկայի նախարարը, պարզ է, որ չպետք է լինի իմ նման մարդը, որը սկզբունքորեն տարբեր պատկերացում ունի երկրի տնտեսության զարգացման մասին»:

Մինասյանն աշխատել է նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Դաշնակցական նախկին նախարարը խոստովանեց՝ Փաշինյանի կառավարության ժամանակ շատ ավելի հեշտ էր աշխատելը. «Որովհետեւ քաղաքական անցյալ ունենք մենք, եւ ի վերջո, Փաշինյանը նաեւ պատգամավոր աշխատած ժամանակ, քաղաքական գործիչ լինելով հանդերձ, բնականաբար, շատ ավելի դյուրին էր ընկալվում մեր երկուսի աշխատանքը: Բայց նորից ներկա կառավարության դեպքում կային էլի խանգարիչ հանգամանքներ: Աշխարհայացքի բացակայությունը շատ դեպքերում թույլ չի տալիս, որպեսզի այն գաղափարները, ծրագրերը, որոնք անգամ տնտեսական զարգացման նախարար եւ վարչապետ հարթության վրա համաձայնեցվում էր, հետագայում արգելակվում էր տարբեր մարդկանց կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կային եւ հիմա էլ կան մարդիկ, որոնք չունենալով պետության՝ սոցիալական պատասխանատվության մոտեցումը, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona says:

    Հարգելի լրագրող , ի սկզբանե լրագրողները և լրագրողական աշխատանքները կոչված են եղել հասարակությանը տրամադրել հավաստի տեղեկություններ, սակայն ձեր այս հոդվածը գալիս է ապացուցելու, որ ձեր դեմքով շատ լրագրողներ վաղուց շեղվել են իրենց լրագրողական ուղղուց և զբաղվում են պազապես տեքստեր հավագելով որոնք ոչ մի արժեք չեն ներկայացնում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31