«Ցանկացած հարց, որ մեր թիմում քննարկվում է լինում են դեմ եւ կողմ կարծիքներ, դրանով էլ թիմն արժեքավոր է, որովհետեւ այդ քննարկման վերջում վերջնական արդյունքի ենք գալիս»,-այսօր լրագրողի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն արդյոք տարակարծություններ ունեն ՍԴ դիմելու հարցում՝ պատասխանեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Իսկ պաշտպաններից Ռուբեն Սահակյանը վստահեցրեց՝ տարակարծություններ չունեն. «Բոլոր նրանք, որոնք գտնում են, որ Քոչարյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, պետք լուծեն մեկ հարց, ոչ թե անձեռնմխելիության հարց, այլ հարկավոր է պարզել՝ արդյոք Քրեական օրենսգրքում 2008-ի դեպքերի ժամանակ եղել է նորմ, որը եղել է Քրեական օրենսգրքով հետապնդելի, եթե արարքը չի համարվում հանցագործություն, անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության»:
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանին միջնորդվել էր ՍԴ դիմել՝ պնդելով, որ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածն այն խմբագրմամբ, որը գոյություն ուներ 2008 թվականին, հակասահմանադրական էր: Ռոբերտ Քոչարյանին հենց այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ Սահմանադրական կարգը տապալելու համար:
Հարցին՝ մտածված, թե պատահական էր, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կայացվեց ընտրություններից երկու օր առաջ, Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Այսօր Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Հրաչ էր, Վաչե էր, այն որ ուզեր, չուզեր, կալանքը պետք է տար, այդ որոշումը: Այս օրերին մենք զարմանում էինք, որ կարելի է այս աստիճան թքած ունենալ հասարակական կարծիքի եւ ընդհանրապես հասարակության վրա: Այսինքն, ինչ-որ նեղ շահերից, գուցե անձնական դրդապատճառներից ելնելով՝ որոշել, որ ՀՀ երկրորդ նախագահին պետք է կալանավորել, ուզի, չուզի պետք է նստի, պետք է փակել, որ ինչ-որ ցուցմունքներ տա: Մենք այնպիսի երեւույթի հետ գործ ունենք, որ աննախադեպ է մեր պատմության մեջ: Սա բիրտ, կոպիտ ճնշման արդյունքում կայացված որոշման վերահաստատում էր: Թե քանի գրոշ արժի այդ որոշումը, թե ինչ խարան է դա թողել ՀՀ պատմության մեջ, թե ինչ հետեւանքներ է ունենալու, ես միայն կարող եմ կռահել: Բայց որ տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն է, ակնհայտ է: Ես նկատի ունեմ ողջ գործընթացը՝ սկզբից մինչեւ վերջ, այսինքն` շինծու քրեական գործը, անձնական վենդետայի մոլուցքը, կենցաղային քննարկումները, թե ոնց բռնենք, ով կնեղանա, ով չի նեղանա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ