ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը համարեց քաղաքական որոշում:
Դատարանի որոշումից հետո Քոչարյանի պաշտպաններն ու նրա խոսնակը ասուլիս են հրավիրել:
Վիկտոր Սողոմոնյանն ասուլիսի ժամանակ ընթերցեց Քոչարյանի հայտարարությունը. «Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ /ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է/, գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը…»։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, չսպասելով մինչեւ դատարանն իր որոշումը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով կգա իր հետեւից, ինքն ինքնուրույն որոշեց գնալ ԱԱԾ շենքում գտնվողն «Երեւան Կենտրոն» ՔԿՀ եւ այս պահին էլ այնտեղ է. «Դրա համար պարոն Քոչարյանն այս պահին այստեղ չի: Եթե նա ազատության մեջ լիներ, եւ ինքը որոշումը կայացնողը լիներ՝ գալ-չգալու, ես չգիտեմ՝ ինքը կգար էստեղ, թե չէր գա, ես դա ասել չեմ կարող»:
Հայկ Ալումյանը նաեւ ասաց, որ իրենց մի շարք միջնորդություններին դատարանը լուծում չտվեց, որոշեց վերջնական դատական ակտով դրանց լուծում տալ. «Վերջնական դատական ակտը դեռ չունենք, չգիտենք՝ ինչ լուծումներ են տրված: Ակնհայտ է, որ մերժված են, բայց թե ինչ պատճառով, ասել չենք կարող: Ինչ վերաբերում է տեսանյութը դատարանում հետազոտելու մեր միջնորդությանը, դատարանն այդ միջնորդությունը մերժեց, տեսանյութը չհետազոտվեց»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է այն տեսանյութին, որում, ըստ Քոչարյանի պաշտպանների, երեւում է, թե ինչպես է ցուցարարներից մեկը Մարտի 1-ին կրակում: Ասուլիսն այս պահին շարունակվում է, մանրամասները՝ ավելի ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ