Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքի և «բարեգործության» պրակտիկան համարյա վերացվել է. «Ականատես» նախաձեռնություն

Դեկտեմբեր 07,2018 18:11

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլն ընդհանուր առմամբ ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչն էապես տարբերվում է նախորդ տարիների համապետական ընտրությունների նույն ժամանակահատվածից: Արձանագրվել է լրջագույն առաջընթաց՝ վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրողների կամարտահայտման վրա ճնշումների նվազման առումով:

Ընտրությունների կազմակերպման գործընթացներն ընդհանուր առմամբ ընթանում են մշակված և սահուն ընթացակարգերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  գործունեությունն, ընդհանուր առմամբ, թափանցիկ է, բայց որոշ տեղեկություններ չեն հրապարակվում «բաց տվյալներ» ձևաչափով, դրանց հրապարակումը կարող էր նպաստել հանրային վերահսկողության բարելավմանը: ԿԸՀ նիստերի ընթացքում քննարկումներ տեղի չեն ունեցել, բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն, ինչը խնդրահարույց է: Դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման ընթացակարգերը և պրակտիկան ունեն բազմաթիվ թերություններ, որոնք մի կողմից ստեղծում են խոչընդոտներ կազմակերպությունների համար, իսկ մյուս կողմից՝ չի ապահովում ԿԸՀ համապատասխան վարչարարության արդյունավետությունը: ԿԸՀ-ն պատշաճ չի իրականացնում իր գործառույթները և չի բացառում քաղաքականապես կողմնորոշված դիտորդական խմբերի ներգրավումը՝ դրանով վտանգելով անկախ և անկողմնակալ դիտորդության ինստիտուտը:

Տարածքային ընտրական հանձնաժողովները գործունեությունը բավարար պրոֆեսիոնալ չէ: Տըհ-ները նաև զրկված են ժամանակակից տեխնիկական միջոցներից, ինչը չի նպաստում դրանց արդյունավետությանն ու հետագա կատարելագործմանը: Տեղամասային հանձնաժողովների վերապատրաստումն, ընդհանուր առմամբ բավարար է, թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված խրթին ընտրական գործընթացները հաշվի առնելով, դրանց համար հատկացված ժամանակը բավարար չէր հանձնաժողովի նոր անդամներին պատշաճ նախապատրաստելու համար:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս քարոզչության կարգավորման բացակայությունը ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար:

Նախընտրական քարոզչական նյութերի տարածման ընթացքում կուսակցություններն / կուսակցությունների դաշինքներն ու թեկնածուները ամբողջովին անտեսել են օրենքով նախատեսված կանոնները: Քարոզչության համար սահմանված կանոնները պատշաճ չեն վերահսկվում իրավասու մարմինների կողմից և չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ՝ ձախողելով ապահովել պատշաճ մրցակցությունը:

Ընտրակաշառքի և «բարեգործության» պրակտիկան համարյա վերացվել է՝ չնայած եղել են առանձին դեպքեր ու ահազանգեր այդ առնչությամբ:

Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի քանակը և տարածումը եղել են զգալիորեն ավելի փոքր 2017թ. խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Առհասարակ, տվյալ կոնցեպտի վերաբերյալ առկա են հանրային պաշտոնյաների ոչ լիարժեք ընկալման խնդիրներ:

Նախընտրական քարոզչությունը նշանավորվել է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կազմակերպվող նախընտրական, ուղիղ եթերով հեռարձակվող մրցակից քաղաքական ուժերի բանավեճով: Լրատվամիջոցների կենտրոնացումը հիմնականում երկու քաղաքական ուժերի միջև տեղի ունեցող ընտրամարտի վրա հետին պլան է մղել կուսակցությունների ծրագրերը և դրանց մեջ Հայաստանի քաղաքացիների տարբեր խնդիրների վերաբերյալ առաջարկները: Անհանգստացնող են քարոզչության ընթացքում բազմիցս հնչող վիրավորական արտահայտությունները, սպառնալիքներն ու ատելության խոսքը, ինչը չի կարող նպաստել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ձևավորմանը:

 

———————————————————————————————————————

«Ականատես» դիտորդական առաքելությունը նախատեսում է 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ներգրավել շուրջ 600 դիտորդ հանրապետության մոտ 300 տեղամասերում, շուրջ 50 շրջիկ դիտորդների խումբ, դիտորդներ բոլոր 38 ընտրատարածքային հանձնաժողովներում: Նրանց օժանդակելու են համակարգող կենտրոնի 30 իրավաբաններ և 30 օպերատորներ՝ դիտորդներից տվյալների հավաքագրման և էական խախտումների վերաբերյալ բողոքներ/հայցեր կազմելու նպատակով:

 

Ի տարբերություն լայնամասշտաբ դիտորդության իր նախկին փորձին՝ նախաձեռնությունը քվեարկության օրվա դիտարկման համար կոգտագործի ընտրանքի վրա հիմնված դիտորդության (sample based observation) մեթոդաբանությունը, համաձայն որի տեղամասերը ընտրվում են պատահական, ներկայացուցչական ընտրանքի միջոցով՝ ապահովելով վիճակագրության տեսանկյունից ճշգրիտ տեղեկատվություն, որը ներկայացուցչական է ոչ միայն տեղամասերի, այլ ամբողջ հանրապետության համար: Տվյալ մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս ոչ միայն արձանագրել էական խախտումները, այլ նաև գնահատել ընտրական գործընթացների տարբեր կողմերը, ներառյալ տեղամասի կահավորումը, հանձնաժողովի անդամների աշխատանքի որակը, քվեարկության նախապատրաստումը, քվեարկության ընթացքը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը:

—————————————————————————————————————-

Սույն առաքելությունը հնարավոր է դարձել Եվրոպական Միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

 

Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» նախաձեռնությունը, և իր անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների պաշտոնական տեսակետները:

«Ականատես» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31