Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթյա պատնեշ Գյումրիում՝ Փաշինյանի կառավարության անդամների ու սգացող ժողովրդի միջև

Դեկտեմբեր 07,2018 17:42

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրում էին ՀՀ կառավարության բոլոր անդամները՝ նախարարներն ու փոխնախարարները, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Պարոն Փաշինյանը Սանկտ Պետերբուրգից միանգամից եկել էր Գյումրի: Նրանք արտագնա նիստ անցկացրեցին Գյումրու քաղաքապետարանում՝ դեկտեմբերի 7-ը «Տոների եւ հիշատակների օրերի մասին» ՀՀ օրենքում մտցնելով որպես երկրաշարժի զոհերի հիշատակի օր ու քննարկելով անօթևանների խնդիրը:

Մոտ մեկ ժամ տևած նիստից հետո կառավարության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշահամալիրի մոտ: Նշենք, սակայն, որ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու եկած գյումրեցիներն այսօր զարմացան՝ տեսնելով, որ իրենց մուտքը դեպի եկեղեցու բակ՝ հուշակոթող, որտեղ պիտի ծաղիկներ խոնարհեին, փակված էր երկաթյա պատնեշով. ոստիկանները խստորեն հսկում էին, որ կառավարության անդամներից ու դրսից եկած հյուրերից բացի ոչ մեկը ներս չմտներ:

Ի դեպ, արդեն իսկ ֆեյսբուքյան օգտատերերը իրենց զայրույթն են հայտնել այդ թեմայով: Անդրադարձ է կատարել նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը խստորեն քննադատել էր այս մտահղացման հեղինակին՝ նշելով, որ սրանով վիրավորում են սգացող ժողովրդին ու ժողովրդի կողմից սիրված ու ընդունված վարչապետին փորձում են առանձնացել նրանից:

Ինչևէ, զոհերի հիշատակը հարգելու էին եկել բարձրաստիճան պաշտոնյաներ ՌԴ-ից, Գերմանիայի Դաշնությունից, ԱՄՆ-ից, ներկա էր նաև Շառլ Ազնավուրի որդին:

Արտերկրյա հյուրերը ելույթ ունեցան, պատմեցին իրենց հիշողությունները՝ կապված դաժան աղետի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ երկրաշարժը յուրատեսակ հումանիտար համաշխարհային համախմբման պատճառ դարձավ. Խորհրդային Միության ու աշխարհի բարեկամ ժողովուրդները իրենց ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին:

«Երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտի հասկացությունը վերացված չէ, իհարկե, մինչև այժմ աղետի գոտի ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունը և բացումը: Այդուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական տնտեսական սեգմենտ: Եվ երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պիտի հասկանանք ոչ միայն մարդկանց բնակարանային կարիքների վերականգնումը, ոչ միայն դպրոցների ու մանկապարտեզների, հանրային նշանակության օբյեկտների վերականգնումը, այլ վերականգումը ողջ տնտեսական պոտենցիալի, որը գոյություն է ունեցել Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, Ախուրյանում և ընդհանրապես աղետի գոտու ողջ տարածքում: Բայց աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին:

Թեև երկրաշարժից շատ չանցած՝ սկսվեցին աղետի գոտու վերականգման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնվում էին մարդկանց հույսը, մարդկանց վստահությունը և լավատեսությունը: Եվ երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին հենց սա պիտի նկատի ունենաք, երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին պետք է նկատի ունենաք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինչքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, ինչքանով է վերականգնված հույսը, որ զոհվածների կիսատ թողնված գործերը և երազանքները կդառնան իրականություն: Հենց աղետի գոտու վերականգման այսպիսի հայեցակարգն է առավել կարևոր և անհրաժեշտ:

Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին ծառայում են և պիտի ծառայեն այս նպատակին՝ մարդկանց հույսը, վստահությունը, լավատեսությունը վերականգնելուն: Եվ ես համոզված եմ, որ այո, մենք թևակոխել ենք մի փուլ, որ դեռ ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս, ամեն շաբաթ պիտի լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատը և վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի և իրենց երեխաների ապագայի նկատմամբ, որ նրանք պիտի կապեն Հայաստանի Հանրապետության հետ:

Եվ ահա սա է այսօրվա Հայաստանի կառավարության և ընդհանրապես հետագա կառավարությունների ամենակարևոր առաքելությունը, որովհետև երկրաշարժի առիթով, երկրաշարժից հետո, ցավոք սրտի, հոգեբանական առումով Հայաստանը վերածվեց մի մեծ աղետի գոտու: Եվ մեր մեծագույն խնդիրն է ահա այս հոգեբանական աղետը հաղթահարելը, քաղաքացիական աղետը հաղթահարելը:Եվ ես համոզված եմ, որ մենք այսօր քայլում ենք, վստահ ենք քայլում այդ ճանապարհով, ընդ որում քայլում ենք ազգովի, միասնականացած և նոր հույսերով, նոր ուժերով, նոր վստահությամբ:

Եվ հիմա այստեղ այս Սրբազան օրը, այս Սրբազան վայրից դիմելով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ առավել ևս 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին, ուզում եմ ասեմ՝ սիրելի հայրենակիցներ ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են և վստահություն եմ ներշնչում ասելու, որ ամեն ինչ լավ է լինելու, շատ լավ է լինելու», -ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31