«Չեմ բացառում, որ որեւէ տեղ ինչ-որ մի բան եղել է: Ժողովուրդ, մենք Հայաստանում ենք ապրում: Այո, սա նոր Հայաստանն է, բայց վեց ամսվա ընթացքում որակական փոփոխությունները հնարավոր չէ չնկատել, դեռ երկար ժամանակ պետք է անցնենք: Հնարավոր են բացթողումները, դրանք ժամանակի ընթացքում պետք է լուծվեն: Բայց ինձ համար որքան անթույլատրելի են բացթողումները, նույնքան անընդունելի է առանձին դրվագները ընդհանուր իրավիճակ ներկայացնելը»,- այսօր, «Հոդված 3» մամուլի ակումբում նման դիտարկում արեց «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Համազասպ Դանիելյանը`պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ամենաշատ եւ ճոխ քարոզչական պաստառներ հենց իշխող ուժինն են, վարչական ռեսուրսի կիրառման մասին բազմաթիվ ահազանգեր եղան, ավտոարշավներ եւ ավտոերթեր`իշխող ուժի ներկայացուցիչների կողմից:
Ամփոփելով քարոզարշավի ընթացքը, իշխող ուժի ներկայացուցիչն ասաց, որ այս քարոզարշավն աննախադեպ է համարում` ազատության եւ հավասարության իմաստով: Հավասար`պայմանների, ոչ թե ռեսուրսների: Նաեւ արձանագրում է`տասնամյակների մեջ առաջին անգամ, այս քարոզարշավում փողը`ընտրակաշառքի տեսքով, գործոն չի եղել: Բացի այդ, այս քարոզարշավում ընդգրկված չեն եղել հիմնականում մարդիկ, ովքեր մեծ ռեսուրսների են տիրապետում: Պետական կառավարման համակարգը զերծ է եղել քարոզարշավից: Ինքն էլ կցանկանար, որ ծրագրային պայքար լիներ, բայց այս քարոզարշավն իր առանձնահատկություններն ուներ, սկսած նրանից, որ օրերն էին քիչ: Սա նպաստավոր չէր հատկապես նորաստեղծ կուսակցությունների համար: Բայց նաեւ հասկանում է, որ քարոզարշավի տրամաբանությունը ստիպեց ավելի սկանդալային ասպեկտների վրա շեշտը դնել:
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանն ասաց, որպես նոր ձեւավորված ուժ, իրենք քարոզարշավն օգտագործեցին, որ ճանաչելի դառնան: Այսօր արձանագրում է`այո, բավականաչափ ճանաչվել են: Ինչ վերաբերում է քարոզարշավին, ինքն այլ պատկերացումներ ուներ`գաղափարական պայքար, ծրագրերի, ապագային միտված տեսլականների բանավեճ, բայց չեղավ: Վերապահում է հայտնում, որ ընտրությունները հին ԸՕ-ով են ընթանում: Հիշեցնում է`Սահմանադրական փոփոխությունների իրենց առաջարկի մասին:
«Մենք» դաշինքը ներկայացնող Թեհմինե Վարդանյանը համամիտ է`որոշ քաղաքական ուժերի համար քարոզարշավը սկսել էր բուն քարոզարշավից առաջ եւ դա այն ուժն էր, որ նախկինում մեղադրում էր իշխանությանը` նման գործելաոճի մեջ: Իրեն դուր չի եկել նաեւ, որ հիմնական քարոզարշավը երկու ուժերի մեջ է գնացել`«Իմ քայլի» եւ ՀՀԿ-ի, մեկը մյուսի վրա ցեխ շպրտելով, ոչ թե ծրագրերով: Արտառոց, անթույլատրելի եւ նոր իրողությունների համար ինքն արտառոց է համարում նաեւ երեկ տեղի ունեցած միջադեպը. «Մենք»-ի թեկնածուի քարոզարշավի ժամանակ մոտեցել են «Իմ քայլը»-ի թեկնածուի համար աշխատող «հղփացած ակտիվիստներ» եւ հոխորտացել`անհիմն, որ իբր տվյալ թեկնածուն պոկում եւ փչացնում է իրենց պաստառները: «Իմ քայլի» ակտիվիստի անպարկեշտ պահվածքի արդյունքում «Մենք»-ի թեկնածուն մեկ ապտակ է հասցրել նրան: Խոսել են եւ հարցը փակված համարել: Ավելի ուշ, ոչ աշխատանքային ժամի, վարչապետի խորհրդական Մեսրոպ Պապիկյանի գլխավորությամբ տասը տղամարդ ներխուժել են «Մենք»-ի կենտրոնական գրասենյակ, որտեղ եղել են միայն դաշինքի ակտիվի անդամներ եւ նկարահանումներ արել, հոխորտացել: «Եղել են ոստիկաններ եւ քաղաքացիական հագուստով եւ համազգեստով, որոնք, ըստ էության, դարձել են «Իմ քայլի» դաշինքի թեկնածուի թիկնազորը»,- ասաց բանախոսը:
«Իմ քայլի» ներկայացուցիչը հակադարձեց. «Քարոզարշավը մենք ավելի շուտ չենք սկսել: Գույները խտացնում եք: Եթե դուք ասեիք, որ եղել է մի դեպք, Գեղարքունիքի այցը, օրինակ, միգուցե համաձայնեի»: Ինքը համաձայն չէ նաեւ, որ քարոզարշավի գնահատականն ի վերջո հանգում է մի դեպքի, որի փաստերն իր համար համոզիչ էլ չեն: Իշխող ուժի ներկայացուցիչը կարծում է, որ դա ընդամենը փորձ է դիվիդենդներ հավաքելու, քանի որ իրենք բաց, ազնիվ եւ գործընկերային հարաբերությունների կողմնակից են:
Թեհմինե Վարդանյանը հիշեցրեց, որ այս ամենը սկսվել է Պապիկյանից, նա ֆեյսբուքյան գրառում է կատարել: «Երեւի նրա թիմը չի տիրապետում իրավիճակին, միգուցե ոտքերը կտրվել են», -եզրակացրեց Թեհմինե Հակոբյանը`հավելելով, որ մեկ դեպք չէ, թիվ մեկ ընտրատարածքում ամբողջ քարոզարշավի ընթացքում պատռվել են «Մենքի» պաստառները, փոխարենը փակցվել, «Իմ քայլի» պաստառները:
«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը նկատեց, որ ԲՀԿ-ն էլ է ահազանգել`պաստառները «Իմ քայլի» ներկայացուցիչների կողմից պոկվում են:
«Իմ քայլի» ներկայացուցիչը դատապարտում է, եթե հաստատվի, որ դա համակարգված-հրահանգված է եղել, այլ հարց:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աննա Կոստանյանն էլ քարոզարշավում, ընդհանուր առմամբ, լուրջ եւ դրական տեղաշարժեր է արձանագրել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ