«Իհարկե, 12 օրը բավարար չէ պտտվել ամբողջ երկրում եւ ներկայացնել մեր մոտեցումներն ու ծրագրերը, բայց նաեւ այս ընթացքում ժողովուրդը հնարավորություն ունեցավ լսել քաղաքական տարբեր ուժերի տեսակետներն ու մոտեցումները: ՕԵԿ-ը այս քարոզարշավի ընթացքում բավականին մրցունակ ծրագիր է ներկայացրել, մեր ժողովրդին ասել ենք՝ ինչ է արել ՕԵԿ-ն իր քաղաքական գործունեության ընթացքում ու ինչ ծրագրերով ենք առաջ գնում»,- նախընտրական քարոզարշավի ամփոփիչ ասուլիսում այսօր ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով, Հայաստանում ավարտված է նախորդ քաղաքական ռեժիմի գործունեությունը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ավարտել են իրենց առաքելությունն ու այս երեսուն տարիների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանում կուտակվել են մեծ թվով դժվարություններ. «Աղքատություն, գործազրկություն, միլիոնավոր հայրենակիցներ ապագա ու հաջողություն են փորձում փնտրել դրսում…համոզված եմ, որ նախորդ քաղաքական ռեժիմը Հայաստանում քաղաքական ռեւանշիզմի հասնելու որեւէ հնարավորություն չունի, պետք է գնանք նոր Հայաստան կառուցելու ճանապարհով: Այո, եղել ենք երկու անգամ քաղաքական կոալիցիաների մեջ, բայց դրա արդյունքում կարողացել ենք 250 օրենսդրական նախաձեռնություն հեղինակել… ոչ ոք մեզ չի կարող մեղադրել Հայաստանում գողության, թալանի մեջ, մենք բազմաթիվ լուսավոր գործերի հեղինակ ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ