ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ (ԲԷՑ) աշխատակազմին է ներկայացրել ընկերության նորանշանակ տնօրեն Հայկ Հմայակի Հարությունյանին։
Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նորանշանակ տնօրենին և մաղթել բեղմնավոր ու հետևողական աշխատանք ոլորտի կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ:
Գարեգին Բաղրամյանն ընդգծել է նախատեսված ծրագրերը ԲԷՑ–ի կողմից որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու կարևորությունը՝ բացառելով անարդյունավետ, ոչ նպատակային ծախսերը։
Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը։ 2019թ.-ի փետրվարի 1-ից կգրանցվի ընկերության աշխատողների աշխատավարձերի բարձրացում 15%-ով:
Իր հերթին Հայկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան արդյունավետ աշխատել ու հաջողություն արձանագրել:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն