Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատ Սարգսյան. «Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ սիրտդ ավելի արագ է խփում»

Դեկտեմբեր 07,2018 16:25

Գյումրիում բացվել է ծնունդով գյումրեցի մի խումբ նկարիչների ցուցահանդեսը, որը յուրատեսակ սիրո խոստովանություն է ծննդավայրին:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը նշեց, որ  ցուցահանդեսը մեկ ամիս առաջ բացվել էր նաեւ Ավստրիայի զբոսաշրջային  քաղաքներից մեկում, որտեղ ապրում էին մարդիկ, որոնք 1988թ. երկրաշարժին առաջին օգնություն ցուցաբերողների թվում են եղել:

Իրենց կյանքում եղած դիպվածը հիշելու համար արեցինք շատ սիրուն ցուցահանդես իրենց քաղաքում 6 գյումրեցի արտիստների, որոնց թվում նաեւ իմ նկարներն էին»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արարատ Սարգսյանը:

«Մենք հիանում ենք, թե ինչ սիրուն քաղաք ունենք, ու ինչ լավ  է,որ Գյումրին պահպանել է իր դեմքը: Գիտե՞ք իրականում ինչու մնաց Գյումրին` 20-ական թվականներից սկսած, որովհետեւ երբ վերլուծում ենք, հասկանում ենք` քաղաքը Երեւանի ճակատագիրը չունեցավ, որովհետեւ այնպիսի հանճարեղ ճարտարապետ, ինչպիսին Թամանյանն էր, չգտնվեց Գյումրիում: Եթե մի այդպիսի հանճարեղ Գյումրի գնար, կքանդեր ու տեղում այլ քաղաք կսարքեր: Ես գտնում եմ, որ Երեւանն էլ կարող էր պահպանվել, թեեւ կարծում եմ, որ իսկապես մեծություն էր Թամանյանը»,-նշեց նկարիչը:

Նրա կարծիքով, կարելի էր մի այլ քաղաք կառուցել «Երրորդ մասի» տարածքում, ոչ թե ամբողջ քաղաքը քանդել ու նորը կառուցել:  «Ուրախալի է, որ վերջին շրջանում պետության եւ քաղաքապետարանի կողմից բավականին մեծ ուշադրություն կա Գյումրիի հանդեպ, փողոցներ են վերականգնվում…Չենք կարողանում հասկանալ, թե այս 30 տարին ինչպես անցավ…Ամենակարեւորը, որ  քաղաքը 30 տարի հետո շատ ուշ, բայց ուշքի է գալիս:

Ընդ որում՝ քաղաքը միայն ճարտարապետական կառույցներով չի, նաեւ մարդկանցով է քաղաք: Ցավոք սրտի, դեմոգրաֆիան Գյումրիում խախտվել է, 260.000-270.000 բնակչից մնացել է ընդամենը 50.000-60.000 մարդ, որոնցից բնիկ գյումրեցիները երեւի կեսն են, ավելի շատ շրջակա գյուղերից լրացվեց գյումրեցիների թիվը…Աղբյուրները ցամաքել են մարդկանցից, միան ճարտարապետական տեսքը վերականգնելով, քաղաքը չես վերականգնի»,- համոզված է Արարատ Սարգսյանը:

Մեր զրույցի ընթացքում նա անդրադարձավ նաեւ  Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնում երկրաշարժից առաջ` որպես բեմադրող նկարիչ  իր աշխատած տարիներին. «Ես շատ լավ գիտեմ այդ թատրոնի տրամադրությունը, ամեն ինչը…Երեւանի թատրոններում էլ եմ աշխատել, բայց Գյումրու թատրոնում մի ուրիշ համ ու հոտ կա, հրաշալի է, որ այսօր լիքը դահլիճներով ներկայացումներ են գնում, ինչպես Աճեմյանի ժամանակ, այնպես էլ հիմա, եւ դա ծառայում է որպես հիմնաքար նոր շրջանի թատրոնների  վերածննդի համար»:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, այժմ էլ Գյումրիում հրաշալի նկարիչներ են ապրում, մարդիկ, որոնք սիրում են նկարչությունը, ի դեմս Ալեքսան Տեր-Մինասյանի, որ հիմնադրել է «Գալերի 25»-ը. «Նա բավականին մեծ գործ է անում տեղացի նկարիչների համար, որպեսզի չհեռանան Գյումրիից, նկարիչների կոմերցիոն մասն ապահովում է տուրիզմով, «դրսի» ցուցադրություններով, որպեսզի մարդիկ ապրեն այդ քաղաքում, ապրի նկարչությունը»:

Արարատ Սարգսյանին հարցրինք` եթե բառերով սեր խոստովանելու լիներ ծննդավայր Գյումրիին, ի՞նչ կասեր: «Գյումրին իմ ամենասիրելի քաղաքն է: Այնպես է ստացվել, որ կյանքի վերջին տասնամյակներին աշխարհի շատ քաղաքներում եմ եղել` Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, մինչեւ Սեուլ ու Սինգապուր ամեն ինչ տեսել եմ, բայց Գյումրին մի թանկ տեղ մնաց, որովհետեւ այն նման չէ ոչ մի քաղաքի: Սեփական կոլորիտ ունի, ճարտարապետական նրբությամբ արված մի կառույց է ողջ քաղաքը…

Այնտեղ  կան ռազմական կառույցներ, որոնք ուղղակի ռազմական ճարտարապետության մեջ հանրագիտարանային երեւույթներ են: Քաղաքն ինքն իրենով, սեւ տուֆի գույնը համադրված կարմիր տուֆի հետ ֆանտաստիկ է, զգում ես տեղանքի հմայքը…Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ լինելիս սիրտդ ավելի արագ  է խփում, զգում ես, թե ինչքան ես սիրում  կյանքը, ինչ հավատով ես լցվում դեպի ապագան…Գյումրին այդպիսի տեղ է շատերի ու ինձ համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Արարատ Սարգսյանը անդրադառնալով անվանի ճարտարապետներին ու դիմագիծը կորցրած Երեւանին, ընդգծեց. «Մարդիկ կարող են լինել շատ հանճարեղ, բայց իրենց բնորոշ է ամեն ինչը կապիտալության մեջ տեսնելը` թղթի  վրա գծենք մի քաղաք ու զրոյից սարքենք: Ախր Երեւանն այդպիսի քաղաք չէր, որ քանդեիր ու զրոյից սարքեիր: Օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնի փոխարեն մզկիթ էր, իսկ Նկարիչների միության փոխարեն Պողոս-Պետրոս եկեղեցին…Այդ հրապարակը, որ մտովի պատկերացնեք, կհասկանաք` այդպիսի հրապարակ հնարավոր չէ գտնել աշխարհում: Ինչ գեղեցիկ կլիներ տարբեր կրոնների համադրությամբ հրապարակը…

Ցավոք սրտի, վանդալիզմը մեզ հատուկ է, մենք ամեն ինչ քանդեցինք…Ինչքան էլ առաջամարտիկներ ենք, հանճարեղ մարդիկ ունենք, միեւնույն է՝ վանդալիզմը հեռու չէ մեզանից: Ես շատ եմ ափսոսում կորսված Երեւանը եւ ուրախ եմ, որ գոնե Գյումրին պահպանվել է որպես հրաշալի քաղաքային միջավայր, որը տարիներ հետո շատ ավելի ենք գնահատելու: Գյումրին իրապես արժանի է, որ նստես ու իրեն անընդհատ նկարես…»,-խոսքը եզրափակեց ճանաչված նկարիչը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Արարատ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31