Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ թեկնածուն ընտրողներին խոստացել է նպաստառուների ցանկ մտցնել՝ իրեն ձայն տալու դեպքում. «Ականատես»

Դեկտեմբեր 07,2018 16:10

«Ականատես» դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 9-ին կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնելու նոր մեթոդով՝ ընտրանքի վրա հիմնված: Այս անգամ դիտորդները հաղորդագրություններ են ուղարկելու քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման, տեղամասի կահավորանքի մասին ստանդարտացված թերթիկի միջոցով: Այդ օրը 300 դիտարկվող տեղամասեր կունենան, դիտորդները կաշխատեն զույգերով:

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Ականատես» առաքելության անդամները ներկայացրեցին նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց արձանագրած խախտումներն ու գնահատականը:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանն ասաց, որ թիվ 19 ընտրատարածքում ՀՅԴ թեկնածուն Գավառի սոցիալական աջակցության գործակալության պետ Լավրիկ Արեւշատյանն ընտրողներին առաջարկել է ձայներ տալ իրեն՝ փոխարենը խոստանալով ընդգրկել վերջիններիս նպաստառուների ցանկում:

Թիվ 1 ընտրատարածքում ԲՀԿ Ավանի գրասենյակի մուտքի մոտ փակցված է եղել «անվճար իրավաբանական խորհրդատվություն» հայտարարություն եւ ընդունելությունների ժամը քաղաքացիների համար, որը եւս ընտրական քարոզչության կանոնների խախտում է:

Եվս մեկ դեպք նոր է արձանագրվել, վարչական ռեսուրս է չարաշահվել. հանձնաժողովների անդամների կողմից նախընտրական քարոզչությանն են մասնակցել. «Դեկտեմբերի 4-ին դիտորդի կողմից Շենգավիթի շրջանում արձանագրվել է թիվ 8/9 հանձնաժողովի անդամ Վահան Արսենյանի ակտիվ մասնակցությունն ու ելույթները «Իմ քայլը» դաշինքի միջոցառմանը, չնայած նա հանդիսանում է «Ելք» խմբակցության կողմից նշանակված հանձնաժողովի անդամ»:

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տնօրեն Սոնա Այվազյանի, նախընտրական փուլն, ընդհանուր առմամբ, ընթացել է ազատ, մրցակցային եւ խաղաղ ընտրապայքարի պայմաններում:

Արձանագրվել է լրջագույն առաջընթաց վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրողների կամարտահայտման վրա ճնշումների նվազման առումով:

Նա ասաց, որ ԿԸՀ-ն պատշաճ չի իրականացնում իր գործառույթները, չի բացառվում ֆեյք դիտորդների մասնակցությունը, ինչը անկախ դիտորդների առաքելությունը դնելու է կասկածի տակ. «Քարոզչության ժամանակահատվածից դուրս քարոզչության կարգավորման բացակայությունը ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ քաղաքական ուժերի համար եւ չի ապահովում հավասարություն: Նախընտրական քարոզչական նյութերի տարածման առումով կուսակցություններն ու դաշինքներն ամբողջովին անտեսել են օրենքով սահմանված կանոնները եւ այդ կանոնները պատշաճ չեն վերահսկվում իրավասու մարմինների կողմից, չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ՝ խախտումները վերացնելու համար: Ստացվում է, որ այդ կանոնները զուտ ձեւական բնույթ են կրում: Ընտրակաշառքի եւ բարեգործության պրակտիկան համարյա վերացել է, չնայած եղել են առանձին ահազանգեր ու դեպքեր: Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի քանակը զգալիորեն ավելի փոքր է եղել 2017-ի համեմատ»:

Հանրայինի եթերում հեռուստաբանավեճը Այվազյանը դրական գնահատեց, բայց ասաց, որ անհանգստացնող են քարոզչության ընթացքում հնչող վիրավորական արտահայտությունները, սպառնալիքներն ու ատելության խոսքը, ինչը չի կարող նպաստել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ձեւավորմանը Հայաստանում:

«Ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանն ասաց, որ առաքելությունն իրականացվում է ԵՄ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Բաց հասարակության հիմնադրամի օգնության միջոցով, դիտորդներ են ունենալու ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31