Դեկտեմբերի 7-ին Վիեննայում մեկնարկեց ԵՄ Արևելյան գործընկերության տարեկան համաժողովը: Այն անցկացվում է «Ավելի ուժեղ տնտեսություն ավելի ուժեղ հասարակությունների համար. ներդրումներ մարդկանց կայուն աճի համար» խորագրով:
Համաժողովին մասնակցում են Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիական հասարակության, գործարար ոլորտի, կառավարությունների, հաղորդակցության ոլորտի 800 ավելի ներկայացուցիչներ:
Համաժողովին բացման խոսքում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան տեղեկացրեց՝ երեկ անցկացվել է նաև գործարար համաժողով, որի ընթացքում տեղի ունեցան 300-ից ավելի բիզնեսը բիզնեսին ձևաչափով հանդիպումներ: Նա հույս հայտնեց, որ այդ հանդիպումները նոր հնարավորություններ կբացեն գործարար շրջանակների համար:
Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հայտարարեց. «Մեր տեսլականն է` ուժեղ պետություն, ուժեղ կառավարություն, ուժեղ հասարակություն: Այս շղթայում ես ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել նաև իրավական բարեփոխությունների վրա, որոնք հատուկ կարևորություն ունեն: Կարևոր է նաև քաղաքացիական հասարակության գործունեության խթանումն ու անկախ մեդիայի գործունեության համար համապատասխան դաշտի ապահովումը»:
ԵՄ հանձնակատարը հատուկ շեշտադրում կատարեց նաև կրթության հարցերի վրա՝ հորդորելով անդամ երկրներին հատուկ ուշադրության կենտրոնում պահել երիտասարդների և կրթության հարցերը, ինչպես նաև փոքր ձեռնարկատիրության զարգացումը:
Նշենք, որ համաժողովի ընթացքում քննարկումներ են տեղի ունենում նաև Շուկայի պահանջների և հմտությունների համապատասխանեցում, Ներդրում ապագայի համար. ինչպես խթանել երիտասարդների զբաղվածությանը թեմաներով, որոնց մասնակցում են անդամ երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Երիտասարդների զբաղվածության խնդիրներին վերաբերող քննարկմանը Հայաստանից կմասնակցեն ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն ու երիտասարդ եվրոպական դեսպան Հարություն Ծատրյանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վիեննա, Ավստրիա