«Ականատես» դիտորդական առաքելության անդամներն այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացրեցին նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց արձանագրած խախտումներն ու գնահատականը:
«Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանն ասաց, որ նոյեմբերի 5-ից սկսած 35 երկարաժամկետ դիտորդներ են տեղաբաշխել ՀՀ բոլոր ընտրատարածքներում: Նա ասաց. «Կենտրոնի ընտրատարածքում դիտորդի կողմից արձանագրած հիմնական խնդիրը եղել է այն, որ հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն չի հայտնել տրամադրելու եւ ապահովելու տեղեկատվություն նիստերի եւ նիստերի արձանագրության վերաբերյալ: Բազմաթիվ խախտումներ են եղել քարոզչական նյութերի տարածման կանոնները չպահպանելու: Բոլոր կուսակցությունների, դաշինքների կողմից թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ: Չսահմանված վայրում պաստառներ են փակցրել, որոնցից շատերի դեպքում բացակայում է պատվիրատուն, տպաքանակը, տպարանը, որը դժվարացնում է ֆինանսների վերահսկումը: Թիվ 14 ընտրատարածքում գրանցել ենք «Լուսավոր Հայաստանի» եւ «Իմ քայլը» դաշինքի պաստառների փակցնումը Էջմիածնի պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի պատերին: ԲՀԿ թեկնածուն պաստառներ է փակցրել երթուղային տրանսպորտի վրա: Վարչական ռեսուրսների մասով արձանագրվել են դեպքեր, երբ նախընտրական միջոցառումներին մասնակցել են նաեւ պետական համայնքային ծառայողներ, մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի Վանաձորի քարոզարշավի ընթացքում միջոցառմանը ներկա է եղել Վանաձորի քաղաքապետը եւ համայնքապետարանի աշխատակիցները: Համայնքին պատկանող մշակույթի տունը առանց որեւէ վճարի տրամադրվել է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությանը՝ աշխատանքային ժամերին, որ քարոզարշավ անեն, որը նույնպես ԸՕ խախտում է»:
Կաշառքի կամ բարեգործության դրվագային դեպքեր նույնպես արձանագրվել են: Թիվ 16 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին, որը առաջադրված է ԲՀԿ ցուցակով, շինանյութ է տրամադրել Արմավիր քաղաքում եկեղեցու կառուցապատման համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Որպիսի հակիրճ լինեմ ապա ուղղակի տրամադրեմ հղում,
https://www.facebook.com/QajikGevorgian/photos/a.258884608063563/265873874031303/