«Դավիթ Շահնազարյանին ճանաչում եմ դեռեւս 88թ.-ից, բայց նրա ասածներն ինձ համար արժանահավատ չեն: Ցավալի է, որ ողջ կյանքում պայքարել է ՀՀԿ-ի դեմ, բայց վերջում պարզվեց, որ նա ՀՀԿ-ի գործակալ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դավադրություն է կազմակերպում Արցախի դեմ՝ առաջնորդվելով «իշխանություն՝ Արցախի դիմաց» բանաձեւով, ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Առաքելյանը:
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր իշխանությանը մեղադրում են Արցախը «վաճառելու-հանձնելու» մեջ, էժանագին քաղաքական-քարոզչական նպատակներ ունեն. «Չունեմ նման մտավախություն: ՀՀ իշխանությունը, որքան էլ լեգիտիմություն ունենա, «կամիկաձե» չէ, որ փորձի նման բան անել»:
Արմեն Առաքելյանի բնորոշմամբ. «Ցավալի է, որ նման հայտարարություններ անելով՝ Դավիթ Շահնազարյանը ցանկանում է դառնալ հանրության կողմից ամենաանընդունելի դեմքը՝ Քոչարյանի դափնիներն իր վրա վերցնելով: Գուցե ուզում է առաջինը լինել: Դրական առումով չի ստացվում, փորձում է բացասական առումով առաջինը լինել»:
https://www.facebook.com/aravot.am/videos/271388876906954/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ