Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ քարոզարշավը զերծ չմնաց ընտրական զավեշտներից: Դրանցից մեկն այն էր, որ ՀՀԿ պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը նմանակելով Դավիթ-Բեկին՝ նստել էր ձիու վրա ու ասել էր, որ մարմնավորում է սեւի ու սպիտակի հակադրությունը, ինքը Սեւն է, Ձին՝ սպիտակը:
Նաեւ ասել էր, որ ուզում է շարունակել Դավիթ-Բեկի գործը: «Շանթ» TV-ի Հեռանկարի տաղավարում էլ ասել էր, որ չի բացառվում հենց ձիով էլ գնա ընտրության. «Կարող ա հենց ձիով էլ գամ, ձին շատ կարևորագույն գործոն ա, ի՞նչ ա եղել: Ես կոչ եմ արել, գրել եմ. «Քայլ արա ձիով, Սյունիք»:
Նա նաեւ Դավիթ -Բեկի արձանի մոտ ասեղով փուչիկներ էր պայթեցրել, ասելով, որ ինքը ասեղով տղան է, որը «ծակելու է Նիկոլի ստի փուչիկները»:
Հաջորդ զավեշտը գրանցվեց բոլոր ուժերի ներկայացուցիչների հեռուստաբանավեճի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի (Լույս դաշինք) երկխոսության ժամանակ:
Մարուքյան- Ի՞նչ արժեք է ստեղծում ձեր «Շանգրիլա» կազինոն:
Ծառուկյան- Ո՞նց ինչ արժեք է ստեղծում…
Մարուքյան- Հարցնում եմ՝ ի՞նչ է արտադրում, ի՞նչ է ներմուծում, ի՞նչ է արտահանում….
Ծառուկյան- Ընդեղ հյուրանոց կա….
Մարուքյան- Հյուրանոցի մասին չեմ հարցնում:
Ծառուկյան- Մարուքյան ջան, դու մենակ խոսող ես, իսկ ի՞նչ ես ստեղծել դու էս ընթացքում:
Մարուքյան- Ես կլասիկ պատգամավոր եմ:
Ծառուկյան- Քու կլասիկ ցավը տանեմ:
Ընդ որում, «Ես քո կլասիկ ցավը տանեմ» արտահայտությունը նույնպես դարձել է թեւավոր խոսք եւ հավակնում է բրենդ դառնալ, քանի որ օնլայն խանութներից մեկը առաջարկում է այդ բառերով բաժակներ, բարձեր, ու սառնարանի մագնիսներ: Սոցցանցերում էլ պտտվում են Էդմոն Մարուքյանի ու Գագիկ Ծառուկյանի՝ լորդի կերպարով ու կեղծամով նկարները:
Հաջորդ թեւավոր խոսք դարձածը Գագիկ Ծառուկյանի՝ ներդրումներ կատարելու պատրաստակամությամբ «լորդերն ու լորդուհիներ» արտահայտությունն է, որոնցից մեկը ԲՀԿ առաջնորդի ձեւակերպմամբ. «Մարգարետ Թետչի օրոք եղել է նախարար»:
Տպավորիչ էր ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի՝ «լայվով» հնչեցրած արտահայտությունը. «Պարոն Փաշինյան, մարդիկ Նոր տարուն սառնարանը բացելու են ու այնտեղից «դուխով» գլխարկ է դուրս գալու»:
Ֆեյսբուքում երկար ժամանակ «շրջում» էր ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հետեւյալ արտահայտությունը. «Եթե ինձ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողիկը, էլի առաջին տեղն է զբաղեցնելու»:
Իսկ ընդհանրապես ողջ քարոզարշավի ընթացքում այսպես ասած՝ «կարմիր թելի» պես անցնում է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտին փռելն ու պատերով տալը: Այս առիթով ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել. «Ավելի ճիշտ կլինի նախ ասֆալտ փռել, հետո նոր՝ ասֆալտին փռել: Քանի որ, ինչպես երևում է, «ասֆալտին փռելը» մեր կուսակցություններից մեկի կարեւոր սպառնալիքն է դառնում, նույնիսկ այս նախընտրական քարոզարշավի յուրահատուկ բրենդի է նմանվում, թվում է, որ կամ ասֆալտը Հայաստանում պիտի պատշաճ վիճակի բերվի, կամ ասֆալտին փռելու թեկնածուները՝ նվազեցվեն:
Թե չէ բազմաթիվ գյուղական բնակավայրեր ունենք, որ սեփական ասֆալտապատ ճանապարհ չունեն, հետն էլ չափազանց հեռու են ասֆալտապատ ճանապարհներից»:
Նախընտրական զավեշտների վերաբերյալ այս շրջանում բազմաթիվ համացանցային մեմեր են ստեղծվել:
Նախընտրական «գոհարները» ի մի բերեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ