Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական քարոզչության 325 խախտումներից 16-ն արել է «Իմ քայլը» դաշինքը. Նախընտրական ինչ խախտումներ են հայտնաբերել դիտորդները

Դեկտեմբեր 07,2018 14:41

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Մեդիա կենտրոնում» նախընտրական քարոզարշավի մասին իրենց դիտորդների գնահատականներն ու դիտարկումները ներկայացրեց: Նա նշեց, որ այս ընտրությունները առանձնահատուկ են նրանով, որ հեղափոխությունից հետո անցել է 7 ամիս, սա առաջին փորձությունն է ԱԺ ընտրությունների կազմակերպման առումով ու շատ կարեւոր էր, թե ինչքանով է նոր իշխանությունը, հանրությունը, քաղաքական ուժերը կարողանում դիմագրավել հեղափոխական էյֆորիային, այն տրամաբանությանը՝ նման կարեւոր միջոցառման գործընթացի կազմակերպման տեսանկյունից. «Բավական լուրջ մարտահրավեր էր ընտրողների եւ դիտորդների համար: Այս ընտրարշավին մասնակցում են կուսակցություններ, որոնք նախորդ քաղաքական ավտորիտար համակարգի կրողներն են հանդիսանում: Նախկինում չկար այն դիսկուրսը, այս բախումները, որոնց մենք ականատես եղանք: Թեկուզ ամենասուր, ամենածայրահեղ դրսեւորումներով, բայց մտքի ազատ արտահայտումներ տեսանք, կարծիքների բախումներ: Հետաքրքիր էր, որ նոր քաղաքական ուժեր են մասնակցում, կարեւոր էր դիտարկել, թե ինչքանով մենք բոլորս կկարողանանք հաղթահարել նախորդ ընտրությունների դառը փորձը՝ թե՛վարչական ռեսուրսների չարաշահման կանխման, թե՛ կազմակերպված խախտումների համար»:

Մի քանի թիվ հրապարակեց Սաքունցը՝ նշելով, որ «84 երկարաժամկետ դիտորդներով դիտորդություն ենք իրականացրել ՀՀ բոլոր մարզերում ու հարցազրույցներ ենք ընդգրկել տվյալ ընտրական տարածքի կենտրոնական շտաբների ղեկավարների հետ, կուսակցության թեկնածուի ընտրողների հետ հանդիպումներ, տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ ենք զրուցել, իրենց դիտարկումները ընդգրկել, տարածքային հանձնաժողովների հետ, պատգամավորի թեկնածուների հետ՝ 243 հոգու հետ հարցազրույց, տարածքային թեկնածուների նախընտրական շտաբների ղեկավարների հետ, տեղամասային կենտրոնների դիտարկումներ՝ մատչելիության, կահավորման տեսանկյունից…Ծավալը բավական մեծ է եւ վերջնական տվյալները, երբ մենք կամփոփենք, առավել օբյեկտիվ պատկեր կտա: Նախնական պատկերով՝ նախընտրական շտաբների ղեկավարների հետ հարցազրույցներից պարզվում է, որ 12 -ը մտահոգություն են արտահայտել քարոզչանյութերի տարածման խոչընդոտների հետ կապված, այլ կուսակցությունների կողմից կանոնների խախտման մասին նշել է 31 տոկոսը, ատելության խոսքի դրսեւորումների հարցում 24 տոկոսն են հայտնել, 149 նախընտրական հավաքներից արձանագրվել է բյուջետային հիմնարկների ակտիվ մասնակցություն, որը դիտարկում ենք՝ որպես վարչական ռեսուրսի գործադրում»:

Նախընտրական քարոզչության ընթացքում կանոնների խախտման մի քանի թվեր էլ ներկայացրեց՝ 325 նախընտրական քարոզչության խախտումներից 16-ը վերաբերում է «Իմ քայլը» դաշինքին, բայց Սաքունցն ընդգծեց, որ նման խախտումներ արձանագրվել է նաեւ ԲՀԿ-ի եւ «Սասնա ծռերի» կողմից. «Չնայած իշխանությունների կողմից, ի տարբերություն նախորդ ԱԺ ընտրությունների, չի եղել կազմակերպված, հրահանգավորված, համակարգված գործողություններ վարչական ռեսուրսների օգտագործման, ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ոչ բարենպաստ պայմաններ, իրավիճակներ ստեղծելու ուղղված հրահանգներ կամ գործողություններ, բայց այն մտահոգությունը, որ ժամանակին ասում էինք, որ տարածքային ցուցակները բարենպաստ չեն ընտրությունների ազատ ու արդար անցկացման համար, դա հիմնավորվեց այս նախընտրական քարոզչության ընթացքում: Նույնիսկ մի կուսակցության մեկ թեկնածուն իրեն թույլ էր տալիս ռեսուրսներ ջանասիրաբար իր օգտին օգտագործել, մեկ այլ թեկնածու զերծ էր մնում նման գործիքներից: Տեղական գործոնները թերեւս շարունակեցին նախորդ արատավոր պրակտիկայի դրսեւորումները, սա մեզ համար ահազանգ է, որ մենք դեռեւս անելիքներ ունենք: Եթե նույնիսկ քաղաքական մակարդակով կա որոշում ընտրությունները ազատ ու արդար անցկացնել, բայց կան որոշ դրսեւորումներ, որոնք կարող են ունենալ որոշակի բացասական ազդեցություն՝ հայաստանյան կոնտեքստում: Մենք 7-8 ամսվա ընթացքում, ցավոք, չէինք կարող հաղթահարել վատ ժառանգությունը»:

Սաքունցն ասաց, որ իրենք շուրջ 600 ընտրատեղամասերում կունենան դիտորդներ, կունենան դիտորդներ նաեւ, որոնք կլինեն ընտրատեղամասից դուրս՝ 50 մետր շառավղով, կլինեն նաեւ շրջիկ դիտորդներ: Կլինեն 30 իրավաբաններ, որոնք քվեարկության օրը ակտիվ կաշխատեն: Տարածքային ընտրական հանձնաժողովները, շտաբները նույնպես դիտարկելու են:

Նա ասաց, որ իրենց ֆինանսավորման աղբյուրները բաց ու թափանցիկ են՝ ի տարբերություն շատ կուսակցությունների, որոնց կողմից նախընտրական պաստառների վրա նշված չէր տպաքանակը, նաեւ տեղեկություն, թե որ տպարանում է տպված. «Մենք նման դեպքեր ենք արձանագրվել, դա ֆինանսական միջոցների հաշվետվության համար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31