Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ՝ «ֆեյք դիտորդների» մասին. ԲՀԿ թեկնածուն 5400 կասկածելի դիտորդ է գրանցել, որ ընտրատեղամասում ներկա լինեն

Դեկտեմբեր 07,2018 14:24

Այսօր «Մեդիա կենտրոնում» Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ու Թրանսփարենսի Ինթերնեյշն հակակոռուպցիոն կենտրոնը մամուլի ասուլիս էին հրավիրել՝ նախընտրական քարոզարշավի մասին իրենց գնահատականներն ու դիտարկումները ներկայացնելու:

«Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանն ասաց, որ բոլոր ընտրատարածքներում դիտորդներ են ունեցել: Դիտորդներից ստացած նախնական տեղեկատվության համաձայն, 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունների կազմակերպման նախընտրական փուլն անցել է ազատ, մրցակցային եւ խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչը էապես տարբերվում է նախորդ տարվա ԱԺ ընտրություններից. «Արձանագրվել է առաջընթաց վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրողների վրա ճնշումների խնդիրների մասով»:

Նա ասաց, որ որքան էլ ԿԸՀ հանդիպումները բաց էին, բայց շատ տվյալներ չէին հրապարակվում բաց տվյալներ ձեւաչափով, որոշ խնդիրների վերաբերյալ ԿԸՀ որոշումները դժվար էր լինում վերահսկել: Ուշագրավ խնդիր են նկատել դիտորդների հավատարմագրման մասով, փաստորեն «ֆեյք դիտորդների» ավանդույթը շարունակվում է: Ալեքսեյ Պետրոսյանն ասաց. «Դիտորդության նպատակով գրանցվել են կազմակերպություններ, որոնք խնդրահարույց են անկողմնակալության եւ չեզոքության տեսանկյունից, սա լուրջ մարտահրավեր է: 2 կազմակերպություն ենք առանձնացրել, «Միացյալ առաջնորդների պալատ» եւ «Աբովյանի ուսանողական խորհուրդ», որոնք գրանցել են կասկածելի մեծ թվով դիտորդներ, յուրաքանչյուրը՝ 5400-ի սահմաններում: Աբովյանի ուսանողական խորհրդի դեպքում տվյալ  կազմակերպության նախագահը հանդիսանում է թեկնածու ԲՀԿ տարածքային ցուցակով եւ ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի անդամ է»:

Aravot.am-ը հարցրեց՝ այդ կազմակերպությունների հետ կապված ԿԸՀ դիմե՞լ են, ինչ-որ քայլեր ձեռնարկվե՞լ են, թե՞ նրանց՝ այդ կողմնակալ դիտորդներին մենք տեսնելու ենք ընտրատեղամասերում: Պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Դիտորդական առաքելությունների մասով մենք մոտ 2 շաբաթ առաջ հանդես ենք եկել հայտարարությամբ եւ բարձրացրել ենք խնդիրը, այն ժամանակ հավատարմագրված նմանատիպ կազմակերպությունների թիվը ավելի մեծ էր, ընդհանուր առմամբ մոտ 20 հազար դիտորդ էին հավատարմագրել, մի մասը դուրս է եկել, բաց այդ երկու կազմակերպությունները դեռ ԿԸՀ կայքում նշված են՝ որպես հավատարմագրված կազմակերպություն»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեց. «Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնողների թիվը քիչ էր: Հիմա ե՛ւ մասնակից ուժերի թիվն է մեծացել, ե՛ւ տարօրինակ ձեւով դիտորդների, որոնք ուշագրավ օրինաչափությամբ ի հայտ էին եկել նաեւ 2017-ի ապրիլի 2 -ի ընտրությունների ժամանակ: Այդ հիվանդությունը ֆեյք դիտորդների վերակենդանացման մասին է: Շատ կարեւոր է իմանալ այդ դիտորդական կազմակերպությունների ֆինանսական աղբյուրները, գոնե այդ կազմակերպությունները պետք է հրապարակեն՝ որտեղի՞ց են ֆինանսավորվում, ումի՞ց են ֆինանսավորվում, այդքան մեծ թվով դիտորդներ են լինելու, մեծ ծախսեր են՝ տրանսպորտ, հեռախոս, սնունդ, որտեղի՞ց են այդ միջոցները»:

Ալեքսեյ Պետրոսյանը, անդրադառնալով դիտորդների գնահատականներին՝ ասաց, որ տարածքային ընտրական հանձնաժողովի հետ կապված հիմնականում մտահոգիչ է պրոֆեսիոնալիզմի մակարդակը, որը ցածր է. «Արձանագրել ենք որոշ խնդիրներ նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների վերապատրաստման մասով: Քարոզչության ընթացքում քարոզչական նյութերի տարածման կարգի խախտումներ գրանցվել են գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից: Թույլ վերահսկողություն կա նման խնդիրների մասով: Ընտրակաշառքի կամ բարեգործության մասով ասեմ, որ եղել են դրվագային դեպքեր, արձանագրվել են դիտորդների կողմից, բայց դրանք այս ընտրություններին համակարգային բնույթ չեն կրել: Վարչական ռեսուրսի չարաշահման մասով խնդիրներ եղել են, բայց ոչ այն ծավալով, ինչ նախորդ ընտրություններին էր»: Նա նաեւ նշեց, որ թեկնածուների նկատմամբ քննադատական խոսքը խնդիր էր՝ քաղաքակիրթ ընտրապայքարի մշակույթի համար:

Դիտորդները նկատել են, որ պետական հիմնարկների համայնքային աշխատողների աշխատողները քարոզարշավի են մասնակցել աշխատանքային ժամերին: Արձանագրվել են դեպքեր նաեւ հանձնաժողովի անդամի կողմից քարոզարշավային հանդիպումներին մասնակցելու: Նա ասաց, որ անուններ չի կարող ասել, ավելի ուշ կամփոփեն ու կխոսեն անուններով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31