Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճ Հայաստանի» թեկնածուները Gallup International association -ի՝ ԲՀԿ-ին տված 5.7%-ն արժանահավատ չեն համարում

Դեկտեմբեր 07,2018 14:11

Aravot.am-ն այսօր ԲՀԿ կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ աղբյուրներից են գումարներ գտնելու, որպեսզի «Բարգավաճ Հայաստանի», նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդին տված թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու, բանկերի տոկոսները զգալի իջեցնելու եւ այլ նախընտրական խոստումներն իրականացնեն:

«Վերջին տասը տարում միլիարդից ավելի վարկային ռեսուրսներ են մտել Հայաստան՝ 0,25-ից մեկ տոկոս տոկոսադրույքով, որը եկել է Կենտրոնական բանկի խողովակներով, որը տրվել է կոմերցիոն բանկերին, նրանք էլ տվել են տոկոսներով: Դա ռեսուրս չի՞, այդպիսի տոկոսներով չկա՞ն վարկային ռեսուրսներ, իհարկե կան, բայց պետք է բերել»:

Պարոն Մելքումյանի խոսքով պետք է բանկերը ծառայեն տնտեսական քաղաքականությանն ու ժողովրդին. «Կենտրոնական բանկի քաղաքականությունն այդ առումով պետք է վերաարժեւորվի: Թող քիչ շահույթ ստանան բանկերը: Բանկին ի՞նչ է պետք,որ ժամանակին իր պահպանման ծախսերը հոգա եւ ինքը թող մի տոկոս ստանա: Եթե ժողովուրդն այդ մեկ տոկոսն էլ չի ստանում, ինչո՞ւ պետք է բանկը ստանա 10 տոկոս շահույթ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նույն կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Գեւորգ Պետրոսյանը պատասխանելով նույն հարցին, համոզմունք հայտնեց, որ առանց օտարերկրյա ներդրումների հնարավոր չէ երկիրը խելքի բերել եւ ժողովուրդը պետք է նայի, թե որ կուսակցությունը կամ նրա առաջնորդն ունի նման փորձ, որը կարող է անձնական կապերի միջոցով ներգրավել այդ ներդրումները:

Երկու թեկնածուներն էլ այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում նաեւ արձագանքեցին «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքներին՝ նշելով, որ դրանք արժանահավատ չեն: Հիշեցնենք, որ երեկ GALLUP-ը հրապարակել էր՝ սոցհարցման արդյունքները՝ թե որ քաղաքական ուժը որքան քվե կստանա: Ըստ այդ տվյալների, ԲՀԿ-ն կստանա 5.7%, «Իմ քայլը»՝69.4 %, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 3.8%, «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, «Մենք»՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%, Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն՝ 0.0%:

Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ, հիմնականում քարոզարշավն անցել է կոկետության սահմաններում՝ չհաշված թեկնածուների նախընտրական պաստառները պոկելու դեպքերը. «Դա, հավանաբար, անում են երիտասարդները, ում մեջ իրենց քաղաքական պատվիրատուները մանկուց սերմանում են վանդալիզմ, ոչնչացնելու հոգեբանություն, որը չի կարող չդրսեւորվել նրանց կյանքի այլ պարագաներում:

Անդրադառնալով կուսակցությունների առաջին դեմքերի հեռուստատեսային բանավեճին, Միքայել Մելքումյանն այն գնահատեց ծրագրային եւ գաղափարական. «Բացարձակ անընդունելի է իրար վրա ցեխ շպրտելով, զուգահեռ չորս հինգ հոգի խոսում են, դոշ ծեծելով: Մարդիկ չեն հասկանում, որ դա իրենց հեղինակությունը միայն գցում է: Անկախ քո կուսակցական շահերից, ամեն ինչի հիմքում պետք է լինի պետական շահը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31