ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Ռուսաստան է ժամանել մերձմոսկովյան Օբնինսկ քաղաքում անցկացվող հայ-ռուսական առողջապահական ֆորումին մասնակցելու նպատակով: Մինչ ֆորումի աշխատանքներին անցնելը՝ նախարարի գլխավորած պատվիրակությունը եւ ՌԴ առողջապահության փոխնախարար Դմիտրի Կոստեննիկովը, ռուսաստանաբնակ հայազգի բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետներ, ճանաչողական այցով հյուրընկալվեցին Ռուսաստանում Հ.Հ դեսպանատանը:
Ըստ Արսեն Թորոսյանի, Օբնիսկի ֆորումում մասնագետները պատրաստվում են քննարկվել մի քանի ուղղություն, որոնք հավասարապես հրատապ են, թե Հայաստանի, և թե Ռուսաստանի առողջապահական ոլորտների համար: Դրանց թվում են՝ ուռուցքաբանությունը, էլեկտրոնային առողջապահությունը, առողջ ապրելակերպի խնդիրները՝ ծխելու դեմ պայքարի համատեքստում և բժշկական տուրիզմը:
Ռուսաստանի և Հայաստանի առողջապահական համակարգերի միջև փոխգործակցությունը բազմապրոֆիլ է և շարունակական, նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այսօր էլ բազմաթիվ հայ մասնագետներ պարբերաբար վերապատրաստվում են Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի առաջատար կենտրոններում և համալսարաններում:
Ինչ վերաբերվում է ոլորտի հայաստանյան մասնագետների արտահոսքին, ապա, ըստ Արսեն Թորոսյանի, այո, այդ խնդիրը առկա է, սակայն, այսօր ավելի մեծ խնդիր կա բժշկական կրթության ոլորտում և առողջապահության նախարարությունը, որը մինչ այս ոչ մի կերպ ներգրավված չի եղել այդ գործընթացում, որոշել է բարեփոխումներ իրականացնել:
Պարզվում է, որ ամեն տարի, առանց հաշվի առնելու աշխատաշուկայի պահանջները, մեծ քանակությամբ ուսանողներ են ստանում որակավորում և արդյունքում չեն գտնում աշխատանք: Բացի դա լուրջ ուշադրություն պետք է դարձնել նաև վերջիններիս մասնագիտական պատրաստվածության չափանիշներին, այդ իսկ պատճառով նախատեսվում է, որ կրթական ծրագրերից սկսած և քննությունների ընթացքով վերջացրած առողջապահության նախարարությունը մասնակցություն է ունենալու գործընթացում:
Հարցին ի պատասխան, թե ե՞րբ կներդրվի բժշկական ապահովագրության այնպիսի համակարգ, ինչպիսին, ասենք, գործում է Ռուսաստանում, որը թույլ կտա առավելապես ընդլայնել և բազմապրոֆիլ դարձնել անվճար բուժսպասարկումը Հայաստանում, նախարարը փաստում է, որ դա տեղի կունենա միայն 2021 թվականից սկսած:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ