Կառավարության դեկտեմբերի 6-ին ընդունված որոշումներից մեկով սահմանվել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը։
Ըստ այդմ, առաջիկա ընդունելության քննությունների ժամանակ դիմորդներին կառաջարկվեն մի շարք նոր մասնագիտություններ։
Կառավարության նիստին ներկայացված համապատասխան որոշման նախագծում մասնավորապես նշվում է. «2018/2019 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում մնացին թափուր տեղեր, որի պատճառով շատ բուհեր վերանայել են մասնագիտությունների ցանկը եւ 2019/2020 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում։ Երեւանի պետական համալսարանը նոր կրթական ծրագրերով (օտար լեզուներ եւ հաղորդակցություն, կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն) ընդունելություն իրականացնելու առաջարկ է ներկայացրել»։
Կառավարության նիստը վարող առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որոշման նախագիծը ներկայացնող կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ընդհանուր առմամբ որքանո՞վ է մասնագիտությունների այդ ցանկը իներցիոն, որքանո՞վ են հասցրել լրջորեն զբաղվել դրա վերանայմամբ եւ ինչքանո՞վ են այդ մասնագիտությունները համապատասխանում աշխատաշուկայի արդի պահանջներին։ Նախարարի տեղակալը պատասխանեց, որ մասնագիտությունների վերանայմամբ լրջորեն զբաղվել չեն հասցրել, քանի որ փոփոխությունների անհրաժեշտությունը բավականին մեծ է։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում