Տավուշի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացանք, որ մի քանի ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահներ հրաժարվել են այդ պաշտոնից: Բերքաբեր գյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հրաժարվել է այդ պաշտոնից, նրան փոխարինողը նույնպես հրաժարվել է ՏԸՀ նախագահի պաշտոնից:
Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ «Ելք» դաշինքին տրված Բերքաբերի ՏԸՀ նախագահի պաշտոնը 3-րդ փորձից զբաղեցվել է:
Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Հովք գյուղի ընտրական տեղամասի եւ Գանձաքարի գյուղի ընտրական 2 տեղամասերից մեկի հանձնաժողովների նախագահները հրաժարվել են հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նրանց փոխարեն այդ հանձնաժողովների նոր ղեկավարներ են նշանակվել:
Հավելենք, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման աշխատանքների համար ՏԸՀ-ի նախագահը միանվագ ստանալու է 110 հազար դրամ: ՏԸՀ նախագահի պաշտոնից հրաժարվելու պատճառները տարբեր են՝ հրաժարվողի մեծ տարիքը, հնարավոր ընտրախախտումների պարագայում իրավական պատասխանատվություն չստանձնելու ցանկությունը եւ այլն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ