Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության արտագնա նիստ Գյումրիում. ավագանու անդամին թույլ չտվեցին ներս մտնել

Դեկտեմբեր 07,2018 12:06

Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ կառավարության արտագնա նիստը: Նիստի օրակարգային առաջին հարցը, որի շուրջ ելույթով հանդես եկավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, «Տոների եւ հիշատակների օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում անելու վերաբերյալ էր:

Դեկտեմբերի 7-ը միաձայն քվեարկությամբ հայտարարվեց երկրաշարժի զոհերի հիշատակի օր: Քննարկվեց նաեւ Գյումրիի անօթեւանների խնդիրը: Հայտարարվեց, թե պետությունը պարտականություն ունի 498 անօթեւան ընտանիքի նկատմամբ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ արդյոք թիվը ճիշտ է, քանի որ, ըստ նրա՝ այս հարցի շուրջ մշտապես տարաձայնություններ, վեճեր են եղել կառավարության, Գյումրու քաղաքապետարանի եւ ՀԿ-ների միջեւ:

Նիկոլ Փաշինյանն այս հարցի շուրջ լսեց նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Վերջինս ասաց, որ Գյումրիում հստակ 2156 տնակ կա, սակայն 1014 մարդ, որոնք երկրաշարժից անօթեւան են մնացել եւ փաստաթղթեր չեն հասցրել ներկայացնել, չեն հաշվառվել, փաստացի անօթեւան են: Սամվել Բալասանյանը նաեւ նշեց, որ ընտանիքներ կան, որոնք կիսվել են՝ կեսը տեղափոխվել է բնակարան, մյուս կեսը մնացել տնակում:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանից հետաքրքրվեց, թե ինչքան գումար է հարկավոր անօթեւանության խնդիրը լուծելու համար: «Շատ»,- ասաց վերջինս: «Ինչքա՞ն շատ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: Նա հանձնարարեց ռազմավարական փաստաթուղթ մշակել, որտեղ հստակ կարձանագրվեն անհրաժեշտ միջոցներն ու ճանապարհային քարտեզը:

Ի դեպ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանին վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից ներկայացած Հովհաննես Կարապետյանը չէր թույլատրել ներս մտնել: Ավագանու անդամը հայտարարություն էր տարածել: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողներից լսելով այս մասին, զարմացավ՝ «Ո՞նց չեն թողել ներս մտնել, հրավիրեք հիմա իրեն»:

Գյումրու քաղաքապետարանի դիմաց Նիկոլ Փաշինյանին մեծ թվով մարդիկ էին սպասում՝ նամակներ ձեռքներին: Վարչապետը վերցրեց նրանց նամակները, սակայն խնդրեց աժիոտաժ չսարքել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31