Լրահոս
Օրվա լրահոսը

Հերիք է իրար ուտեք, հայրենակիցներ

Դեկտեմբեր 07,2018 15:00

Ազգային ժողովի այս արտահերթ ընտրություններն ավելի խորացրին քաղաքական ուժերի՝ միմյանց հանդեպ ունեցած ատելությունն ու թշնամանքը: Ինչպես եւ սպասվում ու ենթադրվում էր: Ասվածը հիմնականում վերաբերում է արտահերթ ընտրություններում հաղթանակի հիմնական ու գլխավոր հավակնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին եւ Հայաստանի նախկին իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությանը՝ ՀՀԿ-ին: Այս երկուսն իրար ատում են ոչ պակաս, քան ադրբեջանցիներին, եւ Հայաստանի Ազգային ժողովի այս արտահերթ ընտրություններն առիթ հանդիսացան, որ այս երկուսի միջեւ եղած թշնամանքն ու ատելությունն ավելի խորանան եւ բոլորեքյան արտահայտվեն: Ամեն ինչ սկսվեց ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը համալրած Դավիթ Շահնազարյանի հայտարարությունից, ով Նիկոլականներին ու հեղափոխականներին կոչ արեց զրահաբաճկոններ հագնել՝ նախընտրական պայքարում պաշտպանվելու համար:

Ինչպես եւ սպասվում էր, չուշացան հեղափոխականների հակահարվածները: Դրան հաջորդեց Սասուն Միքայելյանի հայտարարությունը, ով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթանակը համեմատեց Ղարաբաղյան պատերազմում մեր տարած հաղթանակի հետ: Ինչպես եւ ենթադրվում էր, հետեւեցին Սասուն Միքայելյանի դեմ հանրապետականների ու հակահեղափոխականների հարձակումները, եւ Սասուն Միքայելյանից Ղարաբաղյան հաղթանակը սկսեցին պաշտպանել մարդիկ, ովքեր ոչ միայն վառոդի հոտն առած չկային, այլեւ Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ղարաբաղում անգամ չէին եղել: Այսուհանդերձ, մենք եւս պիտի նշենք, որ վառոդի հոտն առած ու Ղարաբաղյան պատերազմին լիարժեք մասնակցած Սասուն Միքայելյանի սույն հայտարարությունն, այնուամենայնիվ, առնվազն անզգույշ էր: Բայց ընտրարշավին ու քարոզարշավին մասնակցող հակառակորդներն օգտվելով Սասուն Միքայելյանի այս անզգուշությունից՝ բոլոր կողմերից եւ ամբողջ ուժով հարձակվեցին նրա վրա, եւ սա շատ հարմար առիթ էր, որ նրանք Սասուն Միքայելյանի այս անզգուշությունից բոլոր կողմերից եւ ամբողջ ուժով հարձակվեին նրա վրա, եւ սա շատ հարմար առիթ էր, որ նրանք Սասուն Միքայելյանի այս անզգույշ հայտարարությունն օգտագործելով ու տարածելով՝ ցույց տային, որ իրենք ավելի հայրենասեր ու Ղարաբաղասեր են, քան առնվազն Սասուն Միքայելյանը: Այսուհանդերձ, Սասուն Միքայելյանի այս հայտարարության մանրակրկիտ ու համակողմանի վերլուծությամբ կողմերի ատելությունն ու թշնամանքը չի ավարտվում ու չի վերջանում, այլ ընդամենը սկսվում է, ավելի ճիշտ՝ շարունակվում է եւ, ամենայն հավանականությամբ, անկախ ընտրությունների արդյունքից, ընտրություններից հետո էլ չի ավարտվի ու կշարունակվի, չնայած, այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքից շատ բան է կախված, բայց, անկախ ընտրությունների արդյունքից, մեր քաղաքական ուժերն իրենց մեջ պիտի ուժ գտնեն՝ հաղթահարելու իրենց միջի ատելությունն ու թույնը:  Այսօր ու այս պահին, փաստորեն, Հայաստանում դեռեւս հեղափոխական իրավիճակ է, եւ կրակի վրա յուղ լցնողները չափազանց շատ են եւ ավելի կշատանան, եթե կրակն ավելի  բորբոքվի ու թեժանա:

Մերոնց էս ներքին թշնամանքից ու փոխատելությունից ամենից ավելի, իհարկե, օգտվում են եւ կշարունակեն օգտվել մեր արտաքին թշնամիները, իսկ որ դրանք մշտապես եղել են, կան ու կլինեն, դա արդեն ոչ ոք չի կարող ժխտել, բայց, ամեն ինչից բացի, մեր ներքաղաքական կյանքում գոյություն ունեցող ու էս պահին իր գագաթնակետին հասած ներքին թշնամանքն ու փոխատելությունն անցանկալի են բոլոր իմաստներով եւ առաջին հերթին՝ էկոլոգիայի տեսակետից, որովհետեւ, մեր համեստ կարծիքով, շատ դեպքերում մարդկային հոգիների արտանետած թույները շատ ավելի վտանգավոր են, քան բնության արտանետածները, եւ մանավանդ մեր էսօրվա քաղաքական ուժերի արտանետած թույներն են վտանգավոր, որովհետեւ էս թույները ոչ թե Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական պայքարի հետեւանք ու արդյունք են, այլ թավշյա հեղափոխության, եւ հակամարտող կողմերն իրենց վարքուբարքով փաստորեն մի ավելորդ անգամ ապացուցում են, որ թավշյա հեղափոխությունն ամենեւին էլ  թավշյա  չի եղել, եւ մեր մեջ անհանգստություն ու վախ կա, որ, անկախ ընտրությունների արդյունքից՝ հակամարտող կողմերի այս թունդ ու թեժ փոխատելությունն ու թշնամանքը կարող է շարունակվել եւ էլ ավելի թեժանալ նաեւ ընտրություններից հետո, որովհետեւ, էլի ենք կրկնում, ատելության ու թշնամանքի կրակի վրա յուղ լցնողներն ավելի շատ են, քան էդ կրակը վառողներն ու վառ պահողները, եւ մեզ մնում է հակամարտող կողմերին կոչ անել զբաղվել ոչ թե անձնական հարցերով ու անձնական հակամարտությամբ, այլ քաղաքական հարցերով եւ առնվազն քաղաքական հակամարտությամբ, եւ եթե իրենց ոչ մի կերպ չհաջողվեց միմյանց հետ թավշյա հարաբերություններ հաստատել, դա ամենեւին չի նշանակում, թե պարտադիր պիտի իրար ուտեն ու իրար բզկտեն, ու մենք էլ, գիտակցելով, որ ամենեւին էլ խաղաղության աղավնի չենք, այս առիթից օգտվելով՝ հակամարտող կողմերին ուզում ենք ասել ու հիշեցնել, որ անձնական ատելությունն ու անձնական թշնամանքը դեռեւս որեւէ մեկին որեւէ լավ տեղ չեն տարել եւ առաջիկայում էլ դժվար թե տանեն: Այսքան բան:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ 

«Առավոտ» օրաթերթ,

07.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31