Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թերևս միայն Արփինե Հովհաննիսյանն էր, որ երկու տարբեր բանավեճերի ժամանակ կարողացավ պահել ՀՀԿ-ի՝ ի սկզբանե հայտարարված ստանդարտը. «Փաստ»

Դեկտեմբեր 07,2018 11:57

ՀՀԿ–ն, չնայած այն հանգամանքին, որ քարոզարշավից առաջ հայտարարել էր, որ փորձելու է լինել կառուցողական և ուժեղ ընդդիմություն, որ գիտակցել է իր սխալները ու պատրաստ է շտկել դրանք, նախընտրական պայքարի առաջին իսկ օրից սկսեց բավական ագրեսիվ հռետորաբանությամբ: Թե՛ նախընտրական պաստառն ու կարգախոսը, թե՛ հիմնական դերակատարների հռետորաբանությունը տարբեր հարցազրույցների ու բանավեճերի ժամանակ ցույց տվեցին, որ ՀՀԿ–ն որդեգրել է սև–սպիտակ խաղի կանոններն ու դիրքավորվել որպես սև:

Իսկ Դավիթ Շահնազարյանի՝ ցուցակում հայտնվելու հանգամանքը, հակառակ շատ, այդ թվում մեր կանխատեսումների, ոչ թե ուժեղացրեց ՀՀԿ–ին՝ ղարաբաղյան խնդրի շուրջ իշխանության համար տհաճ հարցադրումներ մատուցելու տեսքով, այլև Շահնազարյանի ներկայությունն ու ակտիվությունը նույնացրեց «Սասնա ծռեր» խմբավորման 2016թ. հետապրիլյան գործունեության հետ: Թերևս միայն Արփինե Հովհաննիսյանն էր, որ երկու տարբեր բանավեճերի ժամանակ կարողացավ պահել ՀՀԿ-ի՝ ի սկզբանե հայտարարված ստանդարտը ու կառուցողական, զուսպ լինելով հանդերձ՝ ստեղծել տպավորություն, որ առնվազն կոնկրետ դեպքերում ավելի կոմպետենտ է, քան իշխանության ներկայացուցիչները:

«Իմ քայլը» դաշինքն, ըստ էության, համապետական քարոզարշավ չարեց, քանի որ քարոզարշավի բեռը, ինչպես և իշխանության ողջ բեռն ընդհանրապես, իր վրա վերցրել էր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն առաջին իսկ օրից բավական արագ, դինամիկ ու ագրեսիվ ռիթմ հաղորդեց ընտրարշավին՝ թիրախավորելով ՀՀԿ–ին, տեղ–տեղ էլ նաև մյուս ուժերին, օրինակ, «Սասնա ծռերին» ու ՀՅԴ–ին: Մարզային այցերի ժամանակ Փաշինյանը զուգահեռաբար խոսում էր թե՛ տեղական խնդիրներից, թե՛ ակտիվ էր պահում համապետական քաղաքական դիսկուրսն ընդհանրապես ` live time ռեժիմում անդրադառնալով օրվա ընթացքում հայտնվող այս կամ այն բնույթի տեղեկատվությանը: Փաշինյանից զատ դաշինքի քարոզարշավն ընթանում էր արդեն ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից: Սակայն պարզ էր, որ այդ թեկնածուների քարոզարշավը ստվերվելու էր Փաշինյանի ֆոնին ու նրանք բավարարվելու են բացառապես լոկալ մասշտաբի քարոզարշավներով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թերևս, միակն էր, որ ողջ քարոզարշավի ժամանակ այդպես էլ չմտավ ո՛չ սև–սպիտակի, ո՛չ հակաքարոզչության, ոչ ինտրիգների դաշտ: Այդ ուժը իրականացրեց իր ուժերի տեսանկյունից բավական ներդաշնակ քարոզարշավ՝ թիրախավորելով հենց այն էլեկտորատը, որը ակնհայտորեն կողմնորոշված է կամ կարող է կողմնորոշվել դեպի այդ կուսակցությունը: Ակնհայտ էր, որ չնայած որոշակի սադրանքներին, ԲՀԿ–ն ի սկզբանե որդեգրել էր հակաքարոզչության ու իրարամերժության տրամաբանությունից դուրս ոճ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Մենք» դաշինքը ամբողջ քարոզարշավի ընթացքում այդպես էլ չկարողացան ձերբազատվել «Ելք» դաշինքի ստվերից ու հեղափոխության արժեքների պահապանը լինելու մասին անդադար հիշատակելու կոմպլեքսից: Տարբեր հարթակներում, բանավեճերում անընդհատ զգացվում էր որոշակի անհարմարավետություն՝ մի կողմից ընդդիմության դաշտը զբաղեցնելու մտադրությամբ, մեկ այլ կողմից իշխանությանն ու Փաշինյանին չքննադատելու, իսկ առիթի դեպքում ամեն կերպ պաշտպանելու ձգտմամբ: Այս ուժերի անելիքը բավական բարդ էր, քանի որ նրանց պոտենցիալ էլեկտորատը առավել հակված է լինելու դեպի «Իմ քայլը»:

Զարմանալիորեն բավական հանգիստ քարոզարշավ իրականացրեցին նաև «Սասնա ծռերը»՝ որոշ բացառություններով, թեկուզ հայտնվելով տարբեր քննադատությունների թիրախում: Արցախի, ԱԺ–ի կարճաժամկետության շուրջ նրանց աղմկոտ հայտարարությունները անընդհատ դառնում էին քննարկման առարկա: Սակայն այն պահերին, երբ կոնֆլիկտը հասնում էր էսկալացիային, «Ծռերը» հանդարտության կոչերով էին հանդես գալիս: Դժվար է ասել, ուլտրա–հեղափոխական այս ուժի հանդեպ հասարակական իրական վերաբերմունքն ինչպիսին է: Մեծ հաշվով, այս ուժի դեպքում ամենակարևոր հարցը հետևյալն է. եթե նրանք չանցնեն խորհրդարան, ինչպիսի գործելաոճ են որդեգրելու:

Ընտրարշավին մասնակից նորելուկ ուժերից էլ, թերևս միայն «ՔՈ» ՍԴԿ–ն կարողացավ որոշակի ճանաչելիություն ապահովել, մի կողմից փիառի տեսանկյունից հետաքրքիր լուծումներով, մեկ այլ կողմից ներկայանալով որպես ծրագրային քաղաքականության ջատագով: Նրանց ստացած ձայները ցույց կտան, թե ինչպիսին է ծրագրային քաղաքականության պահանջարկը հետհեղափոխական Հայաստանում:

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31