Սպիտակում գողացել են կես տոննա քաշ ունեցող «Ողբացող մոր» բրոնզաձույլ քանդակը: Նշեմ, որ «Ողբացող մոր» գողությունը իսկական շոկ առաջացրեց Հայաստանում ու նրա սահմաններից դուրս. դժվար է հավատալ, որ մեր երկրում այդպիսի անշնորհակալ մարդ-արարածներ կան, որոնք պատրաստ են ահավոր երկրաշարժի 30-րդ տարելիցի տարվա նախօրյակին այդպիսի նողկալի հանցանք կատարելու, դրանց անգամ գողեր անվանել չես կարող, որովհետև գողերն ունեն բարոյականություն ու պատվի իրենց պատկերացումները, այդպիսի քայլերի նրանք երբեք չեն դիմում:
«Ողբացող մոր» պատմությունն այսպիսին է. մոսկվայաբնակ տնտեսագետ-պրոֆեսոր, Սպիտակի շրջկոմի նախկին առաջին քարտուղար, երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի պետ Նորայր Գրիգորի Մուրադյանի նախաձեռնությամբ Սպիտակում կառուցվում է «Սպիտակի մեմորիալ» թանգարանը՝ ի հիշատակ արհավիրքին զոհ գնացած երեխաների, երիտասարդների ու ծերերի, կանանց ու տղամարդկանց, ի երախտապարտություն այդ ծանր օրերին մեզ օգնության ձեռք մեկնած երկրներին, փրկարարներին ու շինարարներին:
Նախատեսվում է ստեղծել հուշարձանային համալիր՝ բրոնզաձույլ երեք քանդակներով: Վերևում երկրաշարժին զոհված ու երկնքում սավառնող աղջնակ-հրեշտակն է՝ խաչը ձեռքին (քանդակագործ՝ Դենիս Ստրետովիչ, Մոսկվա), ներքևում նրա ողբացող մայրն է նստած (քանդակագործ՝ Մարի Տատուրյան, Մոսկվա), քիչ հեռու խորհրդային զինվորն է կանգնած՝ փրկված երեխան գրկում: Նշեմ, որ հուշարձանային համալիրի էսքիզը մշակվել է Հայաստանում՝ հայտնի քանդակագործ-պրոֆեսոր Տարիել Հակոբյանի ու Նորայր Մուրադյանի համատեղ ջանքերով:
Ինչ խոսք, դժվար թե Սպիտակում գտնես մի մարդու, ով երկրաշարժին զոհ գնացած հարազատ չունենա, չկա մի մարդ, որի վերքերն արդեն ամոքված լինեն, չկա մի մարդ, ով գոհ լինի իր ներկայիս սոցիալական վիճակից, ապահովված լինի աշխատանքով, հավատ ունենա երեխաների ապագայի նկատմամբ:
Անհավատալի, սակայն փաստ է, որ այս ողբալի վիճակը շարունակվում է 30 տարի ու վերջը չի երևում: 30 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները միայն խոստացել են վերականգնել աղետի գոտին, վերականգնել արդյունաբերությունը, մարդկանց ապահովել աշխատանքով ու բնակարանով, նպաստել ներգաղթին և այլն, և այլն, բայց, ավաղ, ոչինչ չի արվել, ու հույս էլ չկա, թե մի բան կստացվի, դրությունը կշտկվի, իշխանություններն առաջվա նման շարունակում են զբաղվել թալանով ու մարդկանց կեղեքումով, թալանել են ու ողջ երկիրը դարձրել համատարած աղետի գոտի:
Եվ ահա, գողությունն ու թալանը հասել են իրենց գագաթնակետին, հերթը հասել է երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին: Գողություն էլ կա, գողություն էլ, այս մեկը չի տեղավորվում մարդկային առողջ բանականության մեջ։ Ի՞նչ էր սա, սրբապղծությու՞ն, ազգապղծությու՞ն, թե սգապղծություն:
Ճիշտ է, բրոնզաձույլ արձանը գտնվեց, սակայն գտնվեց այն ժամանակ, երբ գողության գույժն արդեն տարածվել էր աշխարհով մեկ, հասել էր մինչև Մոսկվա, բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, վտանգվել էր հիշատակի միջոցառումների ծրագրի իրականացումը, որին պետք է մասնակից դառնային պաշտոնատար անձինք, հարյուրավոր հյուրեր-փրկարարներ, հյուրեր-շինարարներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Իսկ ովքե՞ր էին «Ողբացող մոր» գողերը, ինչպե՞ս նրանց հաջողվեց Սպիտակից դուրս բերել ու փոսի մեջ թաքցնել կեստոննանոց արձանը։ Ինչ խոսք, սա կազմակերպված ու կանխամտածված հանցագործություն էր, բայց ու՞մ կողմից և ու՞մ դեմ: Սրա պատասխանը մենք կարող ենք ստանալ ՀՀ ոստիկանությունից ու ՀՀ ԱԱԾ-ից, բայց, դարձյալ մեղքս ինչ թաքցնեմ, դրան էլ շատ չեմ հավատում, որովհետև նրանցից շատերը իրենց տեղերում չեն, չեն ցանկանում տեսնել կամ չեն փորձում հասկանալ, թե մեր կոռումպացված երկրում իրենց քթի տակ ինչպիսի անբարոյական հանցագործություններ են կատարվում, միգուցե համակարգերի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր,
Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում