Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կգտնվի ընտրակեղծարար որեւէ կամիկաձե, ես անձամբ կուղեկցեմ նրան ՔԿՀ». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 07,2018 10:36

ԲՀԿ նախընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող եւ վարկանիշային ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է վարչական ռեսուրսի անուղղակի կիրառման մասին:

– Տիկին Զոհրաբյան, այսօր քարոզարշավի վերջին օրն է, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը, մասնավորապես, Սյունիքի եւ Վայոց Ձորերի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Այս քարոզարշավում իրապե՞ս վարչական ռեսուրսի կիրառում եւ ընտրակաշառք չի եղել:

– Ես կարող եմ գնահատել միայն իմ քարոզարշավը, որովհետեւ, լինեմ անկեղծ, թիվ 12 ընտրատարածքում 110 վարկանիշային թեկնածու է առաջադրված, բայց որեւիցե մեկի քարոզարշավը ես չեմ տեսել: Բացառությամբ, մեկ-երկուսի, ես չեմ տեսել, որ որեւիցե մեկը լինի Սյունիքի եւ Վայոց Ձորի համայնքներում: Մոտ 70 համայնքներում, այս օրերին հասցրել եմ լինել, թե մեծ, թե փոքր: Նույնիսկ այն համայնքներում, որտեղ ապրում է չորս կամ հինգ ընտանիք, ես անպայմանորեն եղել եմ, որովհետեւ այդ չորս կամ հինգ ընտանիքը ևս արժանի են հարգանքի, որպեսզի ես իրենց ներկայացնեի իմ ծրագիրը:

Ինչ վերաբերվում է վարչական ռեսուրսին եւ ընտրական կաշառքին. պատասխանեմ անկեղծ`կազմակերպված, ուղղորդված վարչական ռեսուրսի կիրառում չի եղել, բայց, միանշանակ է, որ պարբերաբար, թե մարզպետը, թե տարբեր քաղաքապետեր ուղիղ եւ հստակ ուղղորդել են, այսօր էլ շարունակում են ուղղորդել գյուղապետերին, տարբեր համայնքներում հեղինակություն եւ ազդեցություն ունեցող մարդկանց, որպեսզի ընտրեն բացառապես «Իմ քայլի» թեկնածուներին: Եվ եթե Սյունիքի մարզպետը կասի, որ նման բան չկա, ես ազնիվ չեմ համարի նրա այդ հայտարարությունը. ինքն անձնապես ուղղորդել է եւ շարունակում է ուղղորդել տարբեր քաղաքապետերի, գյուղապետերի, որպեսզի ընտրեն բացառապես «Իմ քայլի» թեկնածուներին:

Ընտրակաշառքի մասով էլ կարող եմ ասել`դասական, հայաստանյան ընտրական մենթալիտետին հարիր ընտրակաշառք, որպեսզի ընտրողին տան 5-10 հազար դրամ, այս մեխանիզմը չի աշխատում: Բայց հրաշալիորեն աշխատեց մեկ այլ մեխանիզմ. տարբեր վարկանիշային թեկնածուներ, ում IQ-ն հավասար է մինուս անսահմանության, իսկ թիվ 12 ընտրատարածքում այդպիսի տասնյակ թեկնածուներ կան, ընտրեցին ամենանողկալի տարբերակը`նրանք տարբեր գյուղապետերի, համայնքներում ազդեցություն ունեցող տարբեր անձանց մինչեւ 400 հազարական դրամներ են տալիս, նրանց համար տարբեր օբյեկտներում խնջույքներ են կազմակերպում, նրանցից յուրաքանչյուրի վրա պարտավորություն են դնում`իրենց բնակավայրից իրենց իրենց համար x թվով ձայներ բերելու: Նրանք այնուհետեւ պատկանելու են Արշակ Սադոյանի ասած`պատգամավոր-տապանաքարերի, շարքին, բնականաբար, նրանք ոչ ասելիք ունեն, ոչ կենսագրություն ունեն, ոչ կարողանալու են կապակցված միտք արտահայտել, ուստի անիմաստ էր իրենց գնալը համայնքային հանդիպումների եւ իրենք ընտրեցին այս նողկալի տարբերակը: Վստահաբար, այդ մասին խիստ իրազեկված է իրավապահ համակարգը: Իսկ թե ինչո՞ւ որեւէ քայլ չձեռնարկվեց`նման թեկնածուների ձեռքը բռնելու, ինձ համար միանշանակ հասկանալի է:

Այնուհանդերձ, ես իմ քարոզարշավը համարում եմ իսկապես հաջողված, որովհետեւ ես հասցրեցի առավելագույնս ներկայացնել, թե ինչ ծրագրեր ենք ես եւ իմ թիմը`ԲՀԿ-ն, անելու այս տարածաշրջանում: Որովհետեւ, ով ինչ էլ խոսի, մինչեւ մենք այս տարածաշրջանում, որը սոցիալապես ամենածանրներից մեկն է, երեւի թե նույնքան ծանր, որքան Շիրակի մարզը, չկարողանանք լուծել աշխատատեղի խնդիրը, մնացած ամեն ինչ լինելու է ընդամենը «դըմփ-դըմփ»-ոց եւ ոչ ավելին: Իսկ այն ներդրումային ծրագրերը, որոնք ես ներկայացրել եմ եւ որոնք միանգամայն իրատեսական են, բնականաբար, տնտեսական հեղափոխության այս պլատֆորմն այսօր կարող է իրականացնել միայն Գագիկ Ծառուկյանը`իր եւ օտարերկրյա այն ներդրողների շնորհիվ, ովքեր վստահում են բացառապես Գագիկ Ծառուկյանին: Եվ եթե տեւական ժամանակ, մասնավորաբար, Սյունիքի մարզը օկուպացված էր Լիսկայի կողմից եւ նա թույլ չէր տալիս, որ այս տարածաշրջան գան ներդրումներ, որպեսզի ինքը կարողանա բնակչությանը պահել ճնշված եւ հպատակ կարգավիճակում, այսօր արդեն, կարծում եմ, որ նման պերսոնաժներն անցյալ են եւ ես վստահ եմ, որ մենք այստեղ բերելու ենք լրջագույն ներդրումային ծրագրեր, որոնցից մեկն արդեն իմ անձնական կապերով`հորդանանյան թագավորական ընտանիքի հետ տեքստիլ արտադրության ձեռնարկությունն առաջիկայում կանի իր քայլերը:

– Վարչապետի պաշտոնակատարն օրեր առաջ հայտարարել էր, որ ներդրումային ծրագրերի մասին ձեր ներկայացումները ոչ այլ ինչ են, քան ընտրակաշառքի խոստումներ:

– Ես համաձայն չեմ վարչապետի պաշտոնակատար, իմ հարգարժան ընկեր եւ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ եթե այս ծրագրերը լինեին քամիներ, ինչպես տարիներ շարունակ եղել են տարբեր իշխանությունների, քաղաքական ուժերի ծրագրերը, ապա, միգուցե եւ այդտեղ ճշմարտություն կլիներ: Բայց ես անձամբ ներկայացրել եմ կոնկրետ ներդրումային փաթեթ, ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ. մենք բերեցինք կոնկրետ միջազգային ներդրումային կազմակերպությունների հետ քննարկված եւ ամբողջապես պատրաստ ներդրումային ծրագրեր:

Երկրում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը հրաշալի է, բայց որեւէ բան քաղաքացու կյանքում չի փոխվելու, մինչեւ երկիր չմտնի գումար, չբացվեն աշխատատեղեր: Այսօր, մասնավորաբար, Սիսիանի տարածաշրջանում, կան գյուղեր, որտեղ մարդիկ տարիներով կանխիկ գումար չեն տեսել, հացի վաճառքը խանութներում ընկած է 60 տոկոս, որովհետեւ այս սեզոնին մարդիկ վառարան են վառում եւ իրենց ավելի ձեռնտու է մեկ պարկ ալյուր գնել ու տանը հաց թխել: Եթե օրվա մեջ, պատահաբար, որեւէ մեկը խանութ է մտնում, այդ օրն այդ խանութի հաջողակ օրերից է լինում: Աղքատությունն ուղղակի սարսափելի է եւ այս տարածաշրջանը կարող են փրկել միայն ներդրումները:

– Նախորդ`2017-ի ապրիլի 2-ի ընտրություններում բազմաթիվ էին փաստերը, որ հենց նույն կուսակցության ներսում վարկանիշային ընտրակարգով առաջադրված մեկ թեկնածուի քվեաթերթիկը դրվել էր մյուսի ձայների վրա, հատկապես խուլ բնակավայրերի ընտրատեղամասերում ամբողջապես փոխվել էին քվեարկությունների արդյունքները: Վստա՞հ եք, որ այս անգամ ընտրակեղծիքներ չեն լինելու:

– Հարյուր տոկոս վստահություն, իհարկե, ունենալ ես չեմ կարող, բայց եթե ինչ-որ մեկը որոշել է լինել կամիկաձե, կամավոր գնալ քրեակատարողական հիմնարկ եւ վեց տարի պատիժ կրել, ապա, ինչո՞ւ ոչ, կարող է իր բախտը փորձել: Համենայնդեպս, ես վերցրել են Սյունիքի եւ Վայոց Ձորի ընտրական տեղամասերում ԲՀԿ-ական բոլոր հանձնաժողովականների հեռախոսահամարները եւ մեկ առ մեկ զանգում եմ նրանց. Աստված մի արասցե, որեւէ մեկը համարձակվի, անգամ ամենահեռավոր գյուղում`մտածելով, որ Նաիրա Զոհրաբյանի աչքը կամ ձեռքը չի կարող հասնել, վերցնի Նաիրա Զոհրաբյանի քվեաթերթիկը դնի հենց ԲՀԿ-ի վարկանիշային որեւէ այլ թեկնածուի քվեների վրա, կամ որեւէ այլ թեկնածուի քվեաթերթիկը դնի Նաիրա Զոհրաբյանի քվեների վրա, վստահեցնում եմ ձեզ, ողջ հանձնաժողովը վեց տարի նստելու է: Ինձ հարամ եւ չվաստակած քվե պետք չէ: Եվ ես ամեն ինչ կանեմ, որ որեւէ համաներում ընտրակեղծարարի վրա չտարածվի:

Ես դիմել եմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին`հորդորելով Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերը հատկապես պահել դիտորդական առաքելության ուշադրության կենտրոնում: Զրուցել եմ նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննեսյանի, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ, նշել եմ, որ ունեմ մտահոգություններ եւ հորդորել եմ այս երկու մարզերի ընտրատեղամասերը, հատկապես խուլ բնակավայրերում եւ հատկապես հաշվարկի ժամանակ, պահել մշտադիտարկման տակ: Եվ եթե այսքանից հետո, կգտնվի նման կամիկաձե, ապա ես անձամբ այդ կամիկաձեին կուղեկցեմ «Նուբարաշեն» կամ «Արմավիր» ՔԿՀ:

– Երեկ «Գելափն» իր հերթական սոցիոլոգիական հարցումները հրապարակեց, համաձայն որոնց, ԲՀԿ-ն մոտ վեց տոկոս վստահության քվե ունի: Սա արտացոլո՞ւմ է իրական տրամադրությունները:

– Մենք գիտենք, թե սոցիոլոգիան Հայաստանում ինչ իրական արժեք ունի եւ տարիներ շարունակ, ես, որպես թե նախկին լրագրող, թե քաղաքական գործիչ, տեսել եմ, թե ինչպե՞ս են, այսպես կոչված, բրենդային սոցիոլոգիական կազմակերպությունների անվան տակ Հայաստանում իրականացնում կոոպերատիվ սոցիոլոգիական հարցումներ`մշտապես գտնվելով օրվա իշխանության գրպանում: Կապրենք`կտեսնենք: Ես մեկ բան կարող եմ ասել`ԲՀԿ-ն ունի հանրային ռեալ աջակցություն, թե այդ աջակցությունն այնուհետ քվեի ձեւով ինչպե՞ս կարտահայտվի, ես այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ բան ասելուց: Համենայնդեպս, երբ ես տեսնում եմ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները, այդ էմոցիան եւ վստահությունը, որը կա նրա հանդեպ, թե այս տարածաշրջանում ինձ հետ հանդիպումները, որոնց մի քանի անգամ ավելի շատ մարդ է գալիս, քան որեւէ քաղաքական ուժի առաջին դեմքերի եւ ամբողջ եռյակի հետ հանդիպմանը, որովհետեւ մարդիկ ուզում են վստահելի գործչից լսել իրենց հուզող հարցերի պատասխանները, սա ինձ տալիս է հիմք`մտածելու, որ դեկտեմբերի 9-ին մենք հանրային լուրջ աջակցություն ունենալու ենք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31