Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ անհատական ընտրությունը

Դեկտեմբեր 07,2018 10:00

Ինչպես միշտ, ընտրություններից առաջ պատասխանում եմ ինձ հաճախակի տրվող հարցին, թե ում եմ ես պատրաստվում ձայնս տալ: Դա իմ անհատական ընտրությունն է, թերթի դիրքորոշման հետ դա կապ չունի. անաչառ ընթերցողը, երեւի, կարող է փաստել, որ մեր լուսաբանումները հավասարակշռված էին եւ որեւէ մեկին գերապատվություն չէին տալիս:

Խորին հարգանք ունեմ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերի հանդեպ: Թերեւս որոշակի վերապահում անեմ «Սասնա ծռերի» հարցում: Ինձ թվում է՝ այս իմաստով առաջիկա ընտրությունները թեստ են, թե որքանով են մեր համաքաղաքացիները ողջունում բռնությունն ու արյունահեղությունը՝ որպես քաղաքական խնդիրների լուծման մեթոդ: Բայց դե, ինչպես ասում են, ձայն բազմաց, ձայն Աստծո: Կարեւորն այն է, որ ընտրությունները կարտացոլեն հասարակության իրական պատկերը: Իսկ հասարակությունը բարեփոխելու, ավելի առաջադեմ եւ ժամանակակից դարձնելու աշխատանքը պետք է շարունակվի: Այդ խնդիրը չի լուծվում ո՛չ ընտրություններով, ո՛չ հեղափոխություններով:

Իմ՝ անհատ քաղաքացու համակրանքն ընտրարշավի հենց սկզբից վայելում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ «Մենք» դաշինքը: Իմ ընտրությունը ոչ թե անձերի, այլ ազատական գաղափարախոսության օգտին է՝ ազատական ոչ միայն տնտեսության մեջ, այլեւ հասարակական, քաղաքական, հոգեւոր կյանքում, աշխատանքի վայրում, ընտանիքում՝ ամենուր: Դրա հիմքն ամեն անհատի ազատ զարգանալու հնարավորությունն է, խանդի, նախանձի, եսակենտրոնության բացակայությունը, սերն է, կարեկցանքը, ներողամտությունն ու հանդուրժողականությունը: Հենց նշված երկու ուժերն են, որ ընտրարշավի ընթացքում դրսեւորել են վարքագիծ, որը մոտ էր ազատականության մասին իմ պատկերացումներին, եւ հնարավորինս զերծ են մնացել նախընտրական ագրեսիայից: Գերապատվությունս տալիս եմ «Մենք»-ին զուտ այն պատճառով, որ դա դաշինք է, որին ավելի շատ ձայներ են պետք:

Կրկին ասեմ, որ ես որեւէ մեկի օգտին կամ մեկի դեմ չեմ քարոզում, ոչ էլ ինչ-որ կոչեր եմ անում ընթերցողներին: Ում ուզում եք՝ ընտրեք, կամ, եթե այդպես եք որոշել, ընդհանրապես ընտրությունների մի գնացեք: Այս ընտրություններով ոչ մի բան չի սկսվում, եւ ոչ մի բան չի ավարտվում: Կյանքը բոլոր դեպքերում շարունակվելու է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Կարեւորն այն է, որ ընտրությունները կարտացոլեն հասարակության իրական պատկերը:” Հենց սա էլ վախենալու է: Կարող է տեսնենք ու այսահարվենք:

  2. henri says:

    երբեմն այնքան անսպասելի երեւոյթներու կը հանդիպինք մեր շուրջը որ ստիպուած կ՛ըլլաս մտածելու որ
    քաղաքակիրթ ընտրութիւն կատարելու համար կարծես մի քանի սերունդ պէտք է փոխուի ; Երէկ մինչ վարչապետը կը խօսէր Շանթի ալիքէն ՛յանկարծ մեծատառ և սեւ-հաստ գիրերով ՛՛ էկրանին՛՛ վրայ յայտնուեցաւ ՀՀԿ-ի գովազդը ; ՛՛ ԵԹԷ ՄՏԱՀՈԳ ԵՍ , ԸՆՏՐԻՐ ՀՀԿ ՛՛ …սա արդէն լկտիութիւն է ;

  3. Անուշ Կարապետյան says:

    Լսելով տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, կարող եմ ասել, որ Լևոն Շիրինյանի հիմնադրած Հայաստանի Քրիստոնեա Ժողովրդավարական կուսակցությունը շատ կարևոր ուղիներ է նշում և՛ Արցախի հարցի լուծման,և՛ տնտեսության զարգացման համար: Առնվազն տարօրինակ էր , որ իրական բովանդակալից քննարկումներ տեղի չունեցան այդ թեմաներով, եթե չհաշվենք լոզունգային ելույթները: Մյուս կուսակցությունները չկարողացան շարադրել իրենց հիմնադիր գաղափարախոսությունն ու դրա վրա հիմնված կարևոր հարցերի լուծման ուղիները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31