Հարցազրույց Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ, որը, զբաղեցնելով ՀՀԿ համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը, ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունը դրել է Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքների թիվ 1 ընտրատարածքում։
-Ձեր դիտարկմամբ, Հանրապետականն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ այս ընտրություններից. 12 օրը քիչ չէ՞ կուսակցության դեմ ուղղորդված սեւ քարոզչության հետեւանքները չեզոքացնելու համար։
-Մի բան կարող եմ ասել՝ Հանրապետականի դեմ իրականացվող տոտալ հակաքարոզչության պայմաններում մեր ակնկալիքները շատ ավելի բարձր են, քան ներկայացվում է պետական լրատվամիջոցներով հրապարակվող ցուցանիշներով։
Իմ բոլոր հանդիպումների ընթացքում ես խոսում եմ այս խնդիրների մասին, եւ կարող եմ փաստել, որ մտահոգ քաղաքացիների թիվը իսկապես օրըստօրե ավելանում է։ Համոզված եմ, որ արդյունքներն անակնկալ են լինելու շատերի համար։ Մարդիկ սկսում են հասկանալ՝ խորհրդարանում չլինի թրծված, կառավարման փորձ եւ կադրային լուրջ ներուժ ունեցող ընդդիմություն, մեր պետության զարգացումը կարող է վտանգված լինել։
Այս իրավիճակում, երբ մեծամասնության հարցը «լուծված» է, մեր քարոզարշավի մեխը հետեւյալն է. պետությունը կարող է կայուն եւ տեւական զարգացում ունենալ, եթե ունենա ուժեղ ընդդիմություն, որն անցել է հրի, ջրի եւ, ինչպես ասում են ռուսները՝ պղնձե շեփորների միջով եւ կարող է իրական հակակշիռ լինել իշխանություններին։ Որեւէ քաղաքական ուժ այս 7-8 ամիսների ընթացքում չի ցուցաբերել իրեն որպես ընդդիմություն՝ բոլորը գովերգել են Նիկոլ Փաշինյանին եւ չեն կարող իրականացնել այդ գործառույթը։
Ուշադրություն դարձրեք, որ աննախադեպ մեծ է չկողմնորոշված մարդկանց թիվը։ Տարբեր հարցումներով նրանց թիվը հասնում է 30, 40, 50 տոկոսի։ Դժվար չէ կռահել, որ այդ քաղաքացիների մեծամասնությունը հենց մեր համակիրներն են՝ նրանք, ովքեր չեն ցանկանում ասել, որ քվեարկելու են Հանրապետականի օգտին։
Եվ դա ինչ-որ տեղ հասկանալի է. եթե առաջին դեմքի մակարդակով վհուկների որս է տեղի ունենում կուսակցության եւ այդ կուսակցության համակիրների նկատմամբ, բնական է, որ մարդիկ խուսափում են ասել՝ ում են տալու իրենց ձայնը։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում