Լրահոս
Օրվա լրահոսը

Սարդարապատում «Իմ քայլի» թեկնածուն «կոտրել» է Նահապետ Գեւորգյանի դուխը

Դեկտեմբեր 07,2018 13:30

Ըստ իշխող կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանի՝ Արմավիրի մարզում անհասկանալի պատճառներով մարդիկ դեռ կաշկանդված են «նախկին որոշ իշխանիկների գործելաոճից»

– Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին. ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավը, ինչպիսի՞ մրցակցություն ունենք:

– Քարոզարշավը ես սկսել եմ սահմանամերձ Բագարան համայնքից եւ խնդիր եմ դրել իմ առջեւ լինելու բոլոր համայնքներում։ Քարոզարշավի մեկնարկի առաջին իսկ օրվանից ներգրավվել ենք ակտիվ ընտրապայքարի մեջ։ Չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ Արմավիրի մարզի ռեյտինգային բոլոր կուսակցություններն ու դաշինքները ներկայացնող թեկնածուներից միակն եմ, որ քարոզարշավի 9-րդ օրը արդեն եղել եմ 85 եւ ավելի համայնքներում: Համեմատած նախկին ընտրություններին՝ նախընտրական այս փուլում ստեղծված են մրցակցության հավասար պայմաններ, իսկ պայքարը հիմնականում առողջ մթնոլորտում է ընթանում։ Արդարության առաջ չմեղանչելու համար նշեմ, որ չնայած «Իմ քայլը» դաշինքի ունեցած բարձր վարկանիշին՝ տարբեր կուսակցություններ եւ դաշինքներ ներկայացնող ռեյտինգային թեկնածուների այսքան մեծ թիվը դժվարացնում է քաղաքացիների կողմնորոշումը։

– ԲՀԿ-ի ցուցակով վարկանիշային ընտրակարգով Արմավիրի մարզն ընդգրկող ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից է նաեւ նախկին ՀՀԿ-ական աղմկահարույց պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին` Քաջիկ Գեւորգյանը: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը յուրային գյուղապետերին հավաքագրել է եւ նախկին հայտնի մեթոդներով փորձում է իր որդու համար ձայներ ապահովել: Ընտրապայքարի ընթացքում համանման դեպքերի, միջադեպերի բախվե՞լ եք, բողոքներ լսե՞լ եք ընտրողներից:

– Բոլորին հայտնի է, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հրահանգով բոլոր գյուղապետերին զգուշացվել է` չփորձել գնալ վարչական ռեսուրսի կիրառման կամ ուղղորդել քաղաքացիներին որեւէ թեկնածուի կողմը։ Եթե այդ շշուկները հաստատվեն պատկան մարմինների կողմից, եւ պարզվի, որ այդ գյուղապետերը իրոք Ձեր նշած սուբյեկտի հետ նախկին մեթոդների կիրառման պայմանավորվածություն են ձեռք բերել, ապա վստահ կարող եմ ասել, որ նրանք պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Միեւնույն ժամանակ պետք է արձանագրեմ, որ, այո, եղել են քաղաքացիներ, որ իրենց բողոքն են բարձրացրել ձեր նշած մարդկանց առաջադրման վերաբերյալ։ Ճիշտն ասած, կան համայնքներ, որտեղ անհասկանալի պատճառներով մարդիկ դեռ կաշկանդված են նախկին որոշ իշխանիկների գործելաոճից։ Որոշակի կաշկանդվածություն նկատել ենք Սարդարապատ համայնքում, սակայն մենք այդ կաշկանդվածությունը կոտրեցինք հենց համայնքապետարանին հարող բակում: Սակայն քաղաքացին հիմնականում անկաշկանդ է, հավատում է իր՝ քաղաքական գործընթացներին ազդելու կամքին եւ հնարավորությանը, որը նրան ընձեռվել է հեղափոխությունից հետո։

– Ներկուսակցական պայքարին ինչպե՞ս եք դիմանում: Տեղացիների պնդմամբ՝ «Իմ քայլի» թեկնածուներն էլ միմյանց դեմ տարբեր «տեխնոլոգիաներ» են կիրառում, մանավանդ, որ վարկանիշային ընտրակարգը ինքնին մղում է դրան: Եթե նկատի առնենք խոսակցությունները, որ «Իմ քայլը» դաշինքի վերնախավի նախընտրելի թեկնածուն այդ ընտրատարածքում դուք եք, ենթադրվում է, որ ներկուսակցական պայքարն էլ պետք է կատաղի լինի:

– Ներկուսակցական պայքարը նույնպես առողջ մթնոլորտում է ընթանում։ Մենք վարում ենք թիմային քարոզարշավ, անգամ մի քանի դեպքեր են եղել, երբ տարբեր թեկնածուներ միասին են դուրս եկել քարոզարշավի։ Ճիշտ եք՝ վարկանիշային ընտրակարգը խնդրահարույց է, սակայն մեր դաշինքում Ձեր նշած ինչ-որ «տեխնոլոգիաների» կիրառումը ընդունելի չէ։ Սահմանված են ընդհանուր խաղի կանոններ, որոնց ես հետեւում եմ։ Եթե անգամ դաշինքում ծագում են ինչ-որ խնդիրներ, ապա գլխավոր շտաբի պետի արձագանքը երկար սպասեցնել չի տալիս։

– Առաջադրված թեկնածուներից ո՞ւմ եք համարում ձեր հիմնական մրցակիցը:

– Չկա որեւէ թեկնածու, ում ես համարում եմ իմ հիմնական մրցակիցը։ Եվ եթե կա մրցակցություն, ապա դա գործընկերային մրցակցություն է։ Միեւնույն ժամանակ, երբեք չեմ թերագնահատում դիմացինիս։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

06.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31