Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկն իր կյանքն էր վտանգում, մեկը Երեւանում զբաղված էր իր կարիերայով

Դեկտեմբեր 07,2018 13:00

ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչները փորձում են ամեն գնով զրկել Արայիկ Միրզախանյանին զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակից

Արայիկ Ռուբիկի Միրզախանյանը 1989թ. հունվարի 1-ից մինչեւ 1994-ի ապրիլի 10-ը ակտիվորեն մասնակցել է ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանների ինքնապաշտպանությանը եւ մարտական գործողություններին: Գործող օրենսդրության համաձայն՝ զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելիս զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները զինվորական ծառայության ստաժում հաշվառվում են արտոնյալ պայմաններով, այն է` 1 ամսվա ծառայությունը 3 ամիս:

ՀՀ ոստիկանության պետի 22.09.2017թ. թիվ 2562-Ա հրամանի համաձայն` Արայիկ Ռուբիկի Միրզախանյանի ծառայությունը ՆԳ մարմիններում օրացուցային հաշվարկով կազմում է 13 տարի 3 ամիս 14 օր, իսկ արտոնյալ հաշվարկով կազմում է 22 տարի 8 ամիս 10 օր: Ա. Միրզախանյանը 02.11.1984թ.-ից 17.05.1986թ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 16.05.1990թ.-ից մինչեւ 15.02.2002թ. ծառայել է ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում:

2017 թվականին դիմել է ՀՀ իրավասու մարմիններին` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի նշանակման համար: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 27.10.2017թ.-ի թիվ 7/01.4/12093-17 գրությամբ մերժել է Արայիկ Միրզախանյանին երկարամյա զինվորական կենսաթոշակ նշանակել, ինչից հետո Արայիկ Միրզախանյանը դիմել է ՀՀ վարչական դատարան:
ՀՀ վարչական դատարանի 2018թ. օգոստոսի 31-ի վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 27.10.2017 թվականի թիվ 7/01.4/12093-17 վարչական ակտը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պարտավորեցվել է Արայիկ Միրզախանյանին նշանակել զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակ:

ՀՀ վարչական դատարանը գործի փաստական հանգամանքների հիման վրա կիրառելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8, 17, 18, 29, 31-րդ հոդվածները, իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ Արայիկ Միրզախանյանը իրավունք ունի ստանալու երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակ: Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի առկայության պարագայում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կենսաթոշակ ստանալու իրավունքի մերժում պարունակող 27.10.2017թ. թիվ 7/01.4/12093-17 վարչական ակտը հանդիսանում է ոչ իրավաչափ վարչական ակտ, հետեւաբար, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթակա էր անվավեր ճանաչման:

Դատարանի վճռի դեմ գործով երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարն անձամբ է բողոք բերել: Վճռի դեմ բողոք է ներկայացրել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` իր ներկայացուցչի միջոցով: Ի դեպ, 2 գերատեսչությունների կողմից ներկայացված բողոքները բառացի նույն շարադրանքն ունեն:

Վերաքննիչ վարչական դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել եւ դատական նիստ նշանակել գալիք տարվա՝ 2019թ. հուլիսի 18-ին: Բողոքաբերի հիմնական փաստարկն այն է, որ ՀՀ ոստիկանության պետի 22.09.2017թ. թիվ 2562-Ա հրամանը չի հանդիսանում Արայիկ Միրզախանյանի երկարամյա զինվորական ծառայության ստաժը հաստատող թույլատրելի ապացույց:

Իրականում ՀՀ ոստիկանության պետի 22.09.2017թ. թիվ 2562-Ա հրամանը իրավաչափ վարչական ակտ է եւ հանդիսանում է թույլատրելի ապացույց, քանի որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ ՀՀ կառավարության սահմանած այլ փաստաթուղթը, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ կառավարության 05.05.2011թ.-ի թիվ 665-Ն որոշման 2-րդ հավելվածի 10-րդ կետի համաձայն, աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ եւ ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ:

ՀՀ ֆինանսների նախարարի կողմից անձամբ վերաքննիչ բողոք բերելու հանգամանքը կասկածի տեղիք է տալիս: Հարց է առաջանում. ի՞նչ անձնական շահագրգռվածություն ունի նախարարը, որ թողնելով իր պետական կարեւորություն ունեցող բոլոր գործերը, անձամբ է զբաղվում Արայիկ Միրզախանյանի կենսաթոշակին առնչվող գործով: Նման քայլից կարելի է ենթադրել նաեւ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը` հանձին նախարարի, փորձում է ազդել դատարանի վրա, որպեսզի վերջինս բավարարի իր բողոքը: Ինչն էլ իր հերթին անթույլատրելի է դատական իշխանության անկախության ապահովման տեսանկյունից: Բողոք ներկայացրած ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված կենսագրությունից հատված`

«Աշխատանքային գործունեությունը.

1991-1993թթ.- ՀԽՍՀ Պետպլան` տեխնիկ, ինժեներ-ծրագրավորող

1993-1995թթ- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` տեղեկատվական համակարգերի բաժնի 1-ին կարգի մասնագետ

1993-1995թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ ավտոմատացված կառավարման համակարգերի ամբիոնի ասիստենտ

1995թ.- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` տեղեկատվական համակարգերի բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ

1995-1996թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր տնտեսագետ, դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի ընթացիկ ծախսերի կառավարման բաժնի պետ»:

Վերոնշյալը թույլ է տալիս եզրակացնել, որ մինչ Արայիկ Միրզախանյանը 1989 հունվարից 1994թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, իր կյանքը վտանգելով, պաշտպանել է հայրենիքը, գրեթե անընդմեջ մասնակցել մարտական գործողությունների, պարոն Ջանջուղազյանը Երեւանում զբաղված է եղել իր կարիերայով: Անշուշտ, երբ ժամանակը գա, Ջանջուղազյանը միանշանակ մի քանի անգամ ավելի կենսաթոշակ կստանա, քան հիմա օրենքով նախատեսված է Արայիկ Միրզախանյանի համար: Ստացվում է՝ պետությունը իր կողմից վարվող ֆինանսական քաղաքակությամբ չի ցանկանում օրենքով սահմանված կարգով սոցիալական ապահովություն տրամադրել այն մարդուն, ով անմոռաց նվիրումով ծառայել է իր հայրենիքին` դրանով իսկ նպաստելով սոցիալական անարդարությանը:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյա, ում լիազորությունների մեջ է մտնում մարտական գործողությունների մասնակցին առնչվող խնդրի լուծում, առաջին հերթին պետք է գիտակցի, որ եթե երեկ չլինեին այդ մարդիկ եւ նրանց մատուցած ծառայությունը հայրենիքին եւ մեր ժողովրդին, ապա այսօր մենք չէինք ունենա տարածքային ամբողջականություն, իսկ այդ պաշտոնյաները չէին ունենա պաշտոն ունենալու հնարավորություն:

ԱՆԱՀԻՏ ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, Ա. Միրզախանյանի ներկայացուցիչ

«Առավոտ» օրաթերթ,

06.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31