Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ մարդիկ իրար սկսեն սիրել»

Դեկտեմբեր 07,2018 12:00

Լիբանանահայ գրողի դիտարկումները

Գրիգոր Տարագճյանին  բոլորը որպես  Գոգո են ճանաչում: Լիբանանում Գրիգորին կարճ այդպես են ասում: Իրեն դուր է գալիս այդ անունը` մի տեսակ մտերմիկ է ու մի քիչ էլ տարօրինակ` հենց իր` Գրիգորի պես: Իհարկե, լավ իմաստով: Մեզ համար անհասկանալի ու խորը մարդիկ, չգիտես ինչու, միշտ տարօրինակ են թվում: Բայց մենք երբեք չենք մտածում` գուցե մենք ենք տարօրինակ, որ չենք ընկալում նրանց, չենք կարողանում տեսնել նրանց ներսը, այն թաքնվածը, որը  բոլորին չէ, որ ցույց են տալիս: Ստեղծագործող մարդկանց պարագայում դա ավելի քան բարդ է: Այն, ինչ կա իրենց  ներսում, փորձում են տալ` տողերով: Ու ավելին նրանց, թերեւս, պետք էլ չէ: Մեր կյանքում լինում են, չէ՞, մարդիկ, որոնց  հետ ունեցած մեկ ժամանոց  զրույցն  անգամ  ինչ-որ բան է փոխում քո մեջ, սկսում ես այլ կերպ նայել ամեն ինչին: Գոգոյի հետ 15 րոպե զրուցելն էլ բավական է, որ սկսես  աշխարհին նայել  այլ դիտակետից, դառնալ ավելի լավը, քան կաս:

Շահումյանի  արձանի  հետեւի  մի  քարասյան արանքում  նստեցինք, զրուցեցինք գրեթե ամեն ինչից:  Տեղը Գոգոն որոշեց: Ասաց՝ այդտեղ ե՛ւ մարդկանց մեջ ես, ե՛ւ մարդկանցից հեռու:

Բանաստեղծի օրը  մտածելով է անցնում: Ուրիշ ի՞նչ պետք է անի: Մտքերը միշտ էլ գալիս ու գնում են:  «Մարդու գլուխը  տարածությո՞ւն է միայն: Պետք չէ,՞ որ  մեջը խելք լինի: Դատարկ տուփն ո՞ւմ է պետք»,- ասում է  զրուցակիցս:

Հայաստանի մասին խոսելիս Գոգոն չափազանց զգույշ է: Հատընտիր բառերով է խոսում, որ հանկարծ  չվրիպի, մի սխալ բան չասի. «2014 թ.-ին եկա  Հայաստան, բայց 2017 թվականին հասկացա Հայաստանը: Եկա ոչ թե Արարատի ֆոնին նկարվելու, այլ հայ լինելու մինչեւ վերջ, լրիվ հայանալու: Շուտով   ՀՀ քաղաքացիություն կստանամ ու կդառնամ հայաստանցի: Լիբանանահայ լինելը վատ չէ, բայց հայաստանցի լինելն  ավելի լավ է: Հայաստանը շատ վերքոտ է ու շատ թշնամիներ  ունի, ինչպես Հիսուսը: Հայաստանին հաճախ են խաչում: Ուզում  եմ փրկությունը տեսնել: Հայաստանը 5 եղանակ ունի, 4-ը, որ կա, եւ հինգերորդը, որ մենք չենք էլ տեսնում, չենք էլ հասկանում՝ որն է: Հայաստան եկա ու հասկացա, թե ինչպես է ապրում մարդը: Նրանք են Հայաստանի ջիղերը»: Գոգոն  կյանքում  առաջնահերթություններ ունի, որոնք չի կարող եւ չի  էլ ուզում փոխել մի ուրիշ բանի հետ:

«Ես վախենում եմ երբեմն դրսում մնալ, օրեր են լինում  կերակուր չի լինում  ու  դատարկ ստամոքսով եմ մնում:  Միշտ չէ, որ դրամ է լինում, բայց դրամից ու լիքը ստամոքսից ավելի կարեւոր բաներ կան: Ես նախընտրում եմ, որ  մարդն աղքատ մեռնի, բայց մարդ մեռնի»,-ընդգծում է նա:   Գոգոյի բանաստեղծությունների  մեջ հաճախ կարելի է կարդալ Աստծո անունը: Գրիգորն  ամեն ինչում  ու  ամեն տեղ  տեսնում է  Աստծո  ներկայությունը:

«Մենք օրվա մեջ ինչ որ անում ենք, Աստված մեջն արդեն կա: Մենք ոչ թե Աստծուն դիմում ենք, այլ նա մասնակցում է ամեն մի իրողության: Այլ  հարց է, որ մարդիկ կա՛մ չեն հավատում, կամ չեն կարողանում հավատալ նրան: Միեւնույն է՝ նա կա»,- վստահ է Գոգոն: Երիտասարդ բանաստեղծը հույսն իր վրա է դնում միշտ:

«Առաջին կյանքը, երբ մենք դուրս ենք գալիս մեր մոր որովայնից, դժվարությունն ու միայնությունը սկսվում է: Մարդը միշտ է մենակ: Կապ չունի՝ մենք հետո կամուսնանանք, թե կունենանք ընկերներ, մենք միշտ էլ մենակ ենք մնալու»,- հավելում է Գոգոն:

Նա լավատես է: Ավելի ճիշտ, դժվար է ասել՝ դա լավատեսություն է, թե իրականության ընկալում այլ անկյունից, որը գուցե մեզանից շատերը չեն նկատում:

«Այս անազնիվ ու անարդար աշխարհում հնարավոր է լինել ազնիվ ու արդար, ձգտել դրան ու այդպես ապրել: Ինչ էլ լինի, ինչ վիճակում էլ հայտնվի  Հայաստանը, դու իրավունք չունես վատաբանելու մեր երկիրը: Եթե կարող ես ապրել Հայաստանում, ապրիր այստեղ, եթե ոչ, ուրեմն մի էլ բողոքիր»,- պարզաբանում է մեր զրուցակիցը:

Հայոց լեզվի նկատմամբ Գոգոն բացառիկ վերաբերմունք ունի: Ասում է՝ մեր լեզվից թանկ  էլ ի՞նչ ունենք. «Մարդիկ գիտեմ, որ հայերեն չգիտեն, բայց սիրում են հայոց լեզուն: Ինքս օրեցօր ավելի եմ սիրում մեր լեզուն, անընդհատ ավելին եմ ուզում իմանալ: Հայերենի բառարանը միշտ ինձ հետ է: Ամեն օր ժամերով կարող եմ կարդալ այդ բառարանը»:

Ոգեշնչումից խոսելիս Գոգոն  կյանք բառն է նշում: Այդ մի բառն էլ բավական է ասելու, թե ինչն է մարդուն գրելու ցանկություն տալիս:

«Ես  կարդում եմ բանաստեղծներին, բայց  ներշնչվում եմ իմ կյանքից: 12 տարեկանից սկսել եմ աշխատել որպես ոսկերիչ: Մի օր հարցրի՝ կարո՞ղ է արդյոք  պատահել, որ մի բանաստեղծ կարողանա  իր գրածներով, նոր մտքերով զարմացնել: Դրանից մի ամիս հետո սկսեցի գրել: Իմ  գրած  ոչ մի բանաստեղծություն անգիր չգիտեմ, որովհետեւ  զգացմունքն անգիր սովորել հնարավոր չէ»,-հավելում է նա:

Երեւանի կենտրոնը բանաստեղծը շատ է սիրում: Չնայած չի ուզում առանձնացնել ու Երեւանը  բաժանել  մասերի: Երեւանը սիրում է ամբողջության մեջ. «Երեւան սիրելը սովորական է: Բոլորս պիտի լինենք Երեւան սիրող: Միայն մի հարց կա. Երեւանում ինձ Երեւանը չսիրողները դուր չեն գալիս, Երեւանում ապրող ու Երեւանը փնովողները»:

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին խոսելիս Գոգոն չի ուզում օգտագործել հեղափոխություն բառը: Ասում է` hեղափոխություն մենք դեռ պետք է անենք  ինքներս, նախ՝ մեր մեջ. «Հեղափոխություն Հայաստանում չեղավ, որովհետեւ  հեղափոխությունը մի հոգի չէ: Հայաստանում հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ մարդիկ իրար սկսեն սիրել: Մեկը կոշիկ չունենա, կոշիկ տաս, խնդիրներ ունենա, օգնես, որ լուծի: Սա է իսկական հեղափոխությունը»:

Զրուցեց ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ,

06.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31