Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անհետացա, որովհետեւ անհետացրին»

Դեկտեմբեր 07,2018 12:30

Հարցազրույց երիտասարդ դերասան Նարեկ Հարությունյանի հետ

– Մասնագետները եւ հատկապես մեր հանդիսատեսը հիշում ու մտապահում են ցանկացած արվեստագետի առաջնաելույթ: Դուք 2014թ. Արփի Ասոյանի ռեժիսուրայով «Ռոմեո» մոնոներկայացումից հետո «անհետացաք», մինչդեռ ասում էին, թե տաղանդավոր, բայց, ամենակարեւորը՝ ինքնուրույն ձեռագիր ունեցող դերասան է հայտնվել:

– Անհետացա, որովհետեւ անհետացրին:

– Կբացե՞ք «փակագծերը»:

– Թակել եմ բոլոր հնարավոր եւ անհնար դռները, պատասխանը մեկն է՝ մեր թատրոնում թափուր աշխատատեղ չունենք: Ես միակը չեմ, որ նման պատասխան է ստացել: Բայց իմ դեպքում մինչ օրս մի բան մութ է մնացել. ի՞նչ է նշանակում՝ դերասանի թափուր հաստիք չկա, թեեւ հայտնի է, որ «հաստիքավոր» որոշ դերասաններ տարիներով բեմ դուրս չեն գալիս՝ աղքատ խաղացանկի պատճառով: Մյուս կողմից՝ հարգանք տածելով բոլոր մասնագիտությունների նկատմամբ, չեմ կարող չասել հանրահայտ միտքը, թե կրթություն ստանալով դերասան չեն դառնում…

– Այնուամենայնիվ, ձեզ հանդիպել ենք ոչ ավել-ոչ պակաս՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Արամունու «Անվերադարձ ապագա» ներկայացման մեջ: 

– Դա 2013 թվականին էր: Այդ ներկայացման դերասանախումբը ընտրել էր բեմադրության ռեժիսոր Ժան Նշանյանը: Հիմա՝ տարիներ անց, պիտի խոստովանեմ, որ նախ՝ փոխվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը, հետո՝ ինչպես մեր իրականությունում ընդունված է՝ նորը իր հետ բերեց իրենը ու, բնականաբար, այլ բեմադրությունների թվում «Անվերադարձ ապագան» խաղացանկից անհետացավ անվերադարձ:

Տեսարաններ «Անվերադարձ ապագայից»:

– Այս դեպքում դուք հավանաբար հիասթափություն ապրեցիք Մայր թատրոնից, բայց այլ թատրոններ էլ ունենք:

– Այս պահին երախտագիտության խոսքեր չեմ գտնում արտահայտելու ավագ կոլեգաներիս հասցեին, որոնք իմ կարիերայով մտահոգ՝ դիմեցին «վերեւներին»:  «Վերեւի» պաշտոնյան ինձ ընդունեց ու իր ենթակաների՝ թատրոնների ղեկավարների նման պատասխան տվեց, թե դերասանի թափուր տեղ չունեն:

– Ո՞ր վերեւների մասին է խոսքը:

– Դիմել եմ էլ ավելի վերեւ եւ այդ «գերագույն» պաշտոնյան ընդամենն ասաց՝ «ինձնից քեզ խորհուրդ՝ ամեն ինչ դիր մի կողմ ու կրկին փորձիր»:

– Փորձեցի՞ք:

– Ոչ (ժպտում է):

– Տարիներ են անցել, բայց Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետին» անդրադառնալիս որոշ մասնագետներ դարձյալ ձեր մոնո Ռոմեոն են հիշատակում, մեկ-երկուսն էլ թեեւ կատակով, բայց ասում են, թե ինչու այդ երիտասարդը նոր ժամանակներում «քայլ չի անում»: 

– Կոնկրետ պատասխանեմ՝ օրերս մեկնում եմ արտասահման (չմանրամասնեց- Ս. Դ.), ընդ որում՝ երրորդ անգամ այն երկիր, որտեղ ինձ առաջարկել էին մնալ եւ աշխատել:

Նարեկ Հարությունյանը՝ Ռոմեոյի կերպարում:

– Կարելի՞ է ենթադրել, որ այս անգամ մեկնում եք՝ չվերադառնալու նպատակով: 

– Այդ հարցին այս պահին կոնկրետ չեմ կարող պատասխանել, բայց եթե նման ցանկություն ունենայի, այսօր այստեղ չէի լինի:

– Բայց մեկնում եք, չէ՞…

– Մեկնում եմ քաղցս բավարարելու…

– Վերադառնանք թատրոններին. այնուամենայնիվ, նախընտրած թատրոն ունե՞ք, գուցե մարզայի՞ն:

– Թատերական ինստիտուտը վաղուց մասնաճյուղեր ունի մարզերում… Եթե լինեն հրավերներ՝ միայն հրավիրյալի կարգավիճակով կաշխատեմ, այն էլ մեծ սիրով:

– Ո՞ր ռեժիսորի հետ կնախընտրեիք աշխատել:

– Առանց մեկնաբանության…

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ,

06.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31