«Տարիներ շարունակ ձեր կողքին ենք եղել, փորձել ենք առավելագույնս լսել ձեր մտահոգությունները, հնարավորության դեպքում լուծել դրանք: Կարող էինք ավելին անել, սակայն ԱԺ-ում չենք ունեցել բավարար աջակցություն: Եվ այսօր ձեզանից է կախված, թե մենք միասնաբար ի զորու կլինենք տեր կանգնել ձեր եւ մեր մտահոգություններին, աջակցել երկրի հիմնախնդիրների մարտահրավերների լուծմանը: Ակնկալում ենք ձեր աջակցությունը: Դեկտեմբերի 9-ին միասնաբար քվեարկեք ՀՅԴ-ի օգտին, եւ դուք հնարավորություն կունենաք ազգային հիմնախնդիրներն առաջ տանելու անվերապահ ընթացք, տեր լինելու Արցախի անվտանգությանը, ունենալ երկրի կայունության եւ երկրի հիմնախնդիրները լուծելու բացառիկ հնարավորություն»,- այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ խոսքն այսպես սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության մարզային շտաբի քարոզչական պատասխանատու Գնել Տիգրանյանը:
ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց կուսակցության օգտին քվեարկելու պատճառները. «Բացի այն, որ մեր ծրագրային դրույթների մի մասը ուրիշ ոչ մի կուսակցություն չունի, ուրիշ որպես սոցիալիստական միակ կուսակցություն: Բացի այդ մենք միակ կուսակցությունն ենք, որ ունի 128 տարվա կյանք ու փորձ, իսկ վերջին 29 տարին՝ Արցախում եւ ՀՀ-ում գործել ենք եւ՛ որպես ընդդիմություն, եւ՛ որպես իշխանություն: Բացի այդ մենք նաեւ միակ համահայկական կուսակցությունն ենք՝ իր նպատակներով եւ կառույցով, գործում ենք ավելի քան 30 երկրներում: Բացի այս բոլորից կան նաեւ այլ պատճառներ, որ ճիշտ կանեք քվեարկել մեր օգտին»:
Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեության անդամ Մելիք Գավորյանն էլ ասաց, որ դեկտեմբերի 9-ին ընտրում են ոչ միայն խորհրդարան, այլեւ այն, թե ինչ տեսակի Հայաստան են ուզում. «Այսօր գոյություն ունի բազմաթիվ թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին խնդիրներ, որոնց լուծումը նաեւ ենթադրում է ներազգային միասնականություն, համերաշխություն, կառուցողականություն, ոչ թե միանձնյա իշխանություն, միանձնյա խորհրդարան, միանձնյա քաղաքական դաշտ: Ենթադրում է համախմբվածություն, որը պետք է վերածել քաղաքական լուրջ գործոնի»:
ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արմենուհի Կյուրեղյանն էլ խոսեց իրենց թիմի մտավոր ու ֆինանսական հնարավորությունների մասին, որոնց շնորհիվ կյանքի կկոչեն մի շարք ծրագրեր. «Այսօր մենք՝ ՀՅԴ ներկայացուցիչներս եկել ենք ձեզ ասելու, որ այո՛ մենք համամիտ ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ հայ մարդն ապրի արժանապատիվ, ունենա արժանապատիվ աշխատանք, աշխատավարձ, որ հայ թոշակառուն ստանա արժանապատիվ թոշակ եւ ունենա արժանապատիվ ծերություն: Մենք եկել ենք եւ ասում են, որ վաղուց արդեն ժամանակն է հարթակներից խոսել ոչ թե պատերին ծեփելու, այլ պատերը շաղափով ծեփելու մասին: Եվ մենք այդ ծրագրերն ենք ձեր առաջ բերելու: Մենք եկել ենք ձեզ ասելու, որ վաղուց արդեն ժամանակն է ոչ թե մարդկանց ասֆալտին փռելու, այլ այնպիսի ծրագրեր բերելու, որոնք ասֆալտ են փռելու»:
Հանդիպման ողջ ընթացքում քաղաքացիներին բաժանվում էր գինի, միգ, քաղցրեղեն: Իսկ ավարտին արդեն Հայքի հրապարակում վառեցին խարույկն ու բռնեցին շուրջպար:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Ժամանակն է պատերը Շաղափով (դռելով/դրելով) ծեփել։ 👏👏👏
Տիկին Կյուրեղյան, սկզբում հայերեն սովորեք, նոր դարձեք պատգամավոր ։))) ՇԱՂԱՓԸ «ՍՎԵՌԼՈ»-ն է, իսկ պատերը ծեփում են «ՇԱՂԱԽՈՎ»..